2025 թվականին մեկնարկեցին Ադրբեջանի կողմից ապօրինաբար պատանդառված հայերի շինծու դատավարությունները։
Առնվազն 24 պատանդների շարքին են թե՛ զինծառայողներ, թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարներ։ Ոմանք պատանդառված են արդեն ավելի քան հինգ տարի։
Նրանց արդեն դատել կամ դատում են ադրբեջանական քրեական օրենսդրության ծանրագույն հոդվածներով։
Կառավարությունը երկրորդ, երրորդ պլան է տանում խնդիրը
«Ես վստահ եմ, որ շատ ավելի շատ մարդ է մտահոգված ու ապրումակցում գերիների ընտանիքներին, քան թվում է․․․բայց սա էլ է հարց՝ արդյո՞ք բնակչությունը, հասարակությունը հնարավորություն ունի ցույց տալու այդ ապրումակցումն ու հարցի կարեւորությունը։ Կա՞ միջոցառում կամ հարթակ դա ցույց տալու համար», – հարց է հնչեցնում իրավապաշտպան Աննա Մելիքյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյո՞ք պատանդները Հայաստանում մոռացության են մատնվել։
Մելիքյանի խոսքով՝ ի տարբերություն անհետ կորած անձանց ընտանիքների՝ գերիների ընտանիքներն ավելի զուսպ են իրենց հրապարակային քայլերում՝ Ադրբեջանում պահվող հարազատների անվտանգության նկատառումով։
Մելիքյանը բարձրաձայնեց Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ գերիների անդրադարձների սակավության մասին։
«Սա ընդհանուր քաղաքականության հարց է, եւ մեր կառավարությունն, այո, առաջին պլանից երկրորդ, եթե ոչ երրորդ, պլան է փորձում տանել խնդիրը, համենայնդեպս, հրապարակային քննարկումների առումով»։
Վեհափառի անդրադարձը Շվեյցարիայում
Այդուհանդերձ, պատանդների հիմնախնդիրը հրապարակային օրակարգում է մնում եթե ոչ իշխանության, ապա Հայ առաքելական եկեղեցու համար։ Մայիսի 27-ին, օրինակ, Շվեյցարիայում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կողմից անցկացված Արցախում հայկական ժառանգության պահպանմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ թեմային անդրադարձավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Ակնհայտ է, որ այսօրինակ անօրինություններն ու նվաստացուցիչ դաժանությունները պայմանավորված են բացառապես ազգային պատկանելությամբ եւ հայատյացությամբ․․․», – ասել է Վեհափառ Հայրապետը՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրությունը գործուն քայլերով կնպաստի հայերի շուտափույթ ազատ արձակմանը։
«Ասո՞ւմ եք՝ 23 քրիստոնյանե՞ր կան, որ ուզում եք ազատ արձակվե՞ն»․ Թրամփը հույսերը չարդարացրեց
Մեր հայրենակիցների հայրենադարձման հարցում հույսի սերմեր նշմարվեցին օգոստոսի 8-ին, երբ կառավարության լրատվականը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաշինգտոնյան զրույցից հրապարակեց մի պատառիկ, որտեղ նախագահ Թրամփը վարչապետ Փաշինյանին հարցնում է․ «Ուրեմն, ասում եք՝ 23 քրիստոնյանե՞ր կան, որ ուզում եք ազատ արձակվե՞ն։ Նրան խնդրելու եմ՝ անի դա։ Կարծում եմ՝ կանի դա ինձ համար»։
«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ նախագահ Թրամփը, այդ թվում՝ հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ։ Եվ խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում», – ասել է վարչապետը կառավարության նոյեմբերի 20-ի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։ Սա Փաշինյանի վերջին հրապարակային անդրադարձն է գերիների թեմային։
Դեռ մարտի 16-ին Բաքու այցելելուց հետո Թրամփի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ զրույցից հետո X-ում գրել էր․ «Նրան ասացի, որ հիմա պետք է վերջնական տեսքի բերել խաղաղության գործարքը, ազատ արձակել գերիներին եւ միասին աշխատել՝ հանուն ավելի անվտանգ եւ բարգավաճ տարածաշրջանի»։
Ցարդ ամերիկյան իշխանությունների կոչերը մնացել են ձայն բարբառոյ յանապատի։
«Այս մարդիկ հիանալի օրինակներ են բոլոր քրիստոնյաների համար»
Մեր հայրենակիցների նկատմամբ անարդարություններով մտահոգվում եւ նրանց համար պայքարում ենք ոչ միայն մենք՝ հայերս, այլեւ մեր շատ այլազգի մարդասեր եւ ուղղամիտ բարեկամներ։ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային գործերի տնօրեն Դոկտոր Ժոլ Վելդքեմպը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից հայերի առեւանգման, կալանավորման եւ խոշտանգման նպատակը Հայաստանին ահաբեկելն ու բարոյալքելն է։
«Բարոյալքվելու փոխարեն, սակայն, ես բարոյական խիզախություն եմ տեսնում պատանդների եւ իրենց ընտանիքների օրինակում։ Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդան, անխոնջ կերպով ամեն օր արշավում է հանուն ամուսնու։ Վիգենն ինքը պահանջել է ապահովել իր իրավունքները՝ բազմիցս հացադուլ հայտարարելով, որպեսզի իրավունք ստանա խոսել կնոջ հետ։ Ռուբեն Վարդանյանը արժանապատվություն եւ խիզախություն է դրսեւորում իր ցուցադրական դատավարության ընթացքում․ արժանապատվություն, որն ամոթահարում է դատախազներին։ Դավիթ Բաբայանը զոհաբերեց ինքն իրեն՝ կամովին հանձնվելով իր պատանդառուներին եւ օգնելով պաշտպանել իր ժողովրդին Արցախի էթնիկ զտման ժամանակ։ Այս մարդիկ հիանալի օրինակներ են բոլոր քրիստոնյաների համար։ Նրանք ի ցույց են դնում, որ խաչի ուղին ուղին է դեպի իրական կյանքն ու ազատությունն, անկախ ամեն ինչից», – ասաց Վելդքեմպը։
Առողջական խնդիրներ եւ անսասան պայքար
«Ես սպասում էի այս զանգին 45 օր․․․Նրա ձայնը փոխված էր, թույլ: Հարցրի՝ ի՞նչ է քեզ պատահել, Վիգեն: Ասաց՝ «Լինդա, ես այլեւս չեմ կարողանում քայլել, ոտքերս շատ են ցավում», – նոյեմբերին «Ազատություն» ռադիոկայանին պատմել է 2020-ի նոյեմբերի 10-ից գերության մեջ գտնվող 46-ամյա լիբանանահայ հայրենադարձ Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդան։ Վիգենը 2021-ին դատապարտվել է 20 տարի ազատազրկման։
Ծանր է նաեւ 2023-ի հուլիսի 29-ին Կարմիր խաչի մեքենայով վիրահատության համար շտապ Հայաստան տեղափոխվելիս Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետում ձերբակալված այժմ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը՝ կապված իր սրտային անբավարարության հետ։ Նա 2023-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
«Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաեւ Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը եւ թե ով պետք է մեզ ղեկավարի», – Բաքվի բանտախցից մարտի 13-ին տեղեկացնելով իր 22 օր տեւած հացադուլի ավարտի մասին՝ փոխանցել է բարերար, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։ Փաստորեն, անգամ գերության մեջ գտնվելով նա փորձում է մեզ հասցնել հայկական հասարակության եւ պետականության հեռանկարների վերաբերյալ իր խոհերը։
«Ուզում եմ հավատալ, որ ապրումակցումը դեռ կա»
Իրավապաշտպան Մելիքյանը պատանդների հայրենադարձման համատեքստում խոսեց նաեւ պահանջատիրության եւ մոբիլիզացման մասին՝ ասելով, որ դրանք անհրաժեշտ են նաեւ հայկական իշխանություններին ցույց տալու համար, որ հարցը հասարակության համար առաջնահերթ է եւ չպետք է ինքնահոսի մատնվի։
«Ուզում եմ հավատալ, որ ապրումակցումը դեռ կա», – հույս է հայտնում Մելիքյանը։ «Օրակարգը պետք է ստեղծվի։ Այն ինքնաբուխ քիչ է լինում։ Կա՛մ ընտանիքները պետք է մոբիլիզացնեն, կա՛մ կառավարությունը․ նրանք, որոնք ունեն այդ գործիքակազմը։ Ստացվում է, որ ոչ մի տեղից մոբիլիզացում չի լինում, եւ հասարակությունը իր նախաձեռնությամբ որեւէ բան մտադիր չէ անել, որովհետեւ չգիտի է՛լ ինչ անի, որպեսզի չվնասի, իսկ այդ դեպքում ինչպե՞ս անես, որպեսզի օգուտ տաս»։
Մելիքյանը ուշադրության պակասի խնդիրը դիտարկեց ավելի լայն պատկերի վրա եւ այն կապեց 2020-ի պատերազմից հետո երկրում տիրող ընդհանուր, բայց խոր ապատիայի հետ։ Նրա խոսքով՝ եթե պատանդներ լինեին նախքան 2020-ը, հասարակական արձագանքը գուցե ավելի ակտիվ լիներ։
ԼՂ հակամարտությունը խրթին չէ
Քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ Վելդքեմպն էլ ամփոփում է․ «Աշխարհը ցանկանում է, որ կարծենք, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խրթին է։ Իրականում այն այդքան էլ խրթին չէ, եւ այս մարդկանց խիզախությունը պարզ ցուցադրում է, թե ով է բռնաճնշողը։ Նրանք ինձ ոգեշնչում են՝ հանուն Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի իմ գործունեության մեջ չհանձնվելու եւ Բաքվի ռեժիմի կողմից բանտարկված բոլոր անմեղ հայերի եւ ադրբեջանցիների ազատությունը պահանջելու համար»։
Մեր նվազագույն անելիքը․․․
Բանտարկված հայերի փոխարեն կարող էր մեզնից յուրաքանչյուրը լինել, քանզի նրանց դատելով՝ Ադրբեջանը հայ ժողովրդին է դատում, դատում է այն ազատասեր սերունդին, որը չանտեսեց Արցախի օգնության կանչը եւ պայքարեց պատմականորեն հայկական տարածքի ինքնորոշման իրավունքի համար։
Նվազագույնը, որ կարող ենք անել մեր գերյալ եղբայրների համար, մեր ամենօրյա կյանքում կարեկցանք եւ սրտացավություն դրսեւորելն է։ Ապրումակցումն արդեն պայքարի ձեւ է։
Դժվար է հանգիստ ապրել, դժվար է, ինչպես սիրում են ասել, «վայելել կյանքը», երբ գիտես, որ քո ազգակիցը ադրբեջանական բանտում անարդարացիորեն պատժվում է, տանջվում, խոշտանգվում, քանի որ հայ է։
«Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել»։ Քրիստոսի խոսքերն են Մաթեոսի ավետարանում։
Նրանք պայքարի, հույսի, սկզբունքայնության եւ բարության կենդանի օրինակներ են։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Հ․Գ․ Արդեն վեցերորդ տարին է՝ Ամանորի իմ ցանկությունն անփոփոխ է։ Ուզում եմ, որ Ադրբեջանի կողմից ապօրինաբար պատանդառված մեր բոլոր հայրենակիցները հայրենիք վերադառնան: Չմեղադրելով ոչ ոքի՝ հաշտ չեմ ազդանշաններ արձակող հարսանեկան ավտոշարասյուների, խոշոր տոնակատարությունների երեւույթների հետ, որովհետեւ երբ նման պատկերներ եմ տեսնում, կամ երբ ինքս ուրախ պահ եմ ապրում, ինքնաբերաբար մտածում եմ գերիների մասին եւ անհարմար զգում ինձ, քանի որ բացի գրելուց, խոսելուց եւ պարզապես ցավալուց, ուրիշ ի՞նչ կարող եմ անել։ Սրտի թրթիռով եւ անմար հույսով սպասում եմ այն օրվան, երբ կլուսաբանեմ նրանց ազատ արձակումն ու վերադարձը, որը հիրավի համազգային տոնախմբություն է լինելու։
«Առավոտ» օրաթերթ
25.12.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: