ՔՊ-ի «էկզոտիկ» մոտեցումը քաղաքական հետապնդումներին, «նոր նշաձողերի» սահմանումը

Սկիզբը՝ 12122025-ի «Առավոտում»

«Փաստաբաններին, փաստորեն, կարելի է ոչ մի բանի համար կալանավորել։ Սա քաղաքական հետապնդման աննախադեպ ձեւ է «Նոր Հայաստանում»

 Բուն հետապնդումներն ու դրանց բնույթը 2018 թվականից ի վեր

Եթե Հայաստանում քաղաքական հետապնդումները ՔՊ-ի իշխանության շրջանում համեմատենք այլ ժամանակաշրջանների հետ, Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը հետաքրքիր տարբերակում է առանձնացնում․ «Բավական էկզոտիկ մոտեցում կա։ Այսինքն, մենք ունեցել ենք դասական քաղաքական հետապնդումներ՝ ուղղված այդ պահին իշխանության քաղաքական մրցակիցների դեմ։ Ընդ որում, այս պահի քաղաքական մրցակիցների շարքում նաեւ Հայ առաքելական եկեղեցին է, քանի որ ունի բավական բարձր վարկանիշ, քան կուսակցությունները եւ ՀԱԵ-ն չի կաշկանդվում քաղաքական դիրքորոշում հայտնելուց, որի իրավունքը, ի դեպ, ունի։ Մյուս դասական ձեւը խոշոր կապիտալ ունեցողների դեմ հետապնդումներն են։ Այս առումով ամենախոշոր գործը գործարար Սամվել Կարապետյանի դեմ փաստացի ոչ մի բանի համար արդեն ամիսներ շարունակվող կալանքն է։ Ոչ մի բանի համար, քանի որ այն հայտարարությունը, ինչի համար իրեն կալանավորել են՝ իբրեւ իշխանության զավթման կոչ, առնվազն աբսուրդ է։ Սովորոկան քաղաքական հայտարարությունը մեկնաբանվել է իբրեւ հեղաշրջման փորձ։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի մյուս մեղադրանքին, դա պարզապես ավելացվել է գործին լեգիտիմություն տալու համար»։

Ռաֆայել Իշխանյանը հետաքրքիր է համարում նաեւ «Սրբազան պայքար» շարժման անդամների քրեական գործը․ «Փաստերն ամբողջովին խեղաթյուրված են, գաղտնալսումները հավաքվել են՝ զրոյից նոր խոսակցություններ, կոնտեքստից կտրած։ Օրինակ, այդ հայտնի «երկու հոգու գյուլլելու» արտահայտությունը, որը ոչ մի կապ չուներ ցույցերի պլանավորման հետ։ Միայն գաղտնալսման հրապարակումը՝ անձնական կյանքի միջամտություն է, ընդ որում, ապօրինի։ Այդ ապօրինի գաղտնալսմամբ եւ այն մոնտաժված ներկայացված տարբերակով, հասարակության մոտ կարծիք է ստեղծվում, որ այդ մարդիկ ահաբեկիչ են․ մի կողմից իրենց մեկուսացնում են ֆիզիկապես՝ բանտարկում են, ասում են՝ դե գործը կքննվի՝ կհասկանանք, մյուս կողմից՝ վարկաբեկում են։ Վարկաբեկման գործընթացին, ի դեպ, ակտիվ ներգրավված էին իշխող կուսակցության տարբեր պաշտոնյաներն ու պատգամվորները, ինչը անմեղության կանխավարկածի ուղիղ խախտում է։ Երբ պաշտոնյաները՝ նախարարները, պատգամավորները «Սրբազան պայքարի» անդամներին «տեռորիստ» են անվանում, դա արդեն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է՝ առնվազն անմեղության կանխավարկածի մասով»։

Ուշագրավ է «Սրբազան պայքարի» անդամ Լիդյա Մանթաշյանի գործը․ այն հարուցվել է Լիդյայի նոթատետրի եւ այլ անձնական գրառումների համար։ Նա կալանքի մեջ եղավ չորս ամսից ավելի։ Կալանքի ժամկետի վերջին ավելացման ժամանակ, դատարանում, Լիդյան հայտարարեց, որ ՔՊ-ական որոշ գործիչների մասին ինքը տեղեկություններ է հրապարակել ու իրեն կալանքի տակ պահելու պատճառներից մեկն էլ դա է։ Խոսքը ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, արդեն լուսահոգի մոր մասնակցությամբ տեսանյութին էր վերաբերվում։ Տիկնոջը դուր չէր եկել ընդդիմադիր երիտասարդների կողմից իրականացվող ստորագրահավաքը եւ նա վեճի էր բռնվել վերջիններիս հետ։

«Այսինքն, մենք հիմա ունենք դասական հետապնդումներ, որոնք հատուկ են այսպիսի երկրներին՝ քաղաքական մրցակիցներին քաղաքական դաշտից մեկուսացնել՝ բանտարկելով՝ ուռճացված կամ շինծու գործերով։ Բայց ունենք նաեւ էկզոտիկ քաղաքական հետապնդումների տեսակներ։ Դրանք իշխանությունն անում է՝ այդրոպեական որոշումներով՝ փորձարկելով՝ թե ո՞րն ավելի լավ ազդեցություն կունենա։ Կամ՝ կախված իրավիճակից, այս կամ այն տեսկից է օգտվում։ Դրանց մի շատ ակներեւ տեսակը խոսքի ազատության հետ կապված սահմանափակումներն ու հետապնդումներ են։ 2021-ին, երբ ծանր վիրավորանքը քրեականացվեց կարճ ժամանակով եւ դրան զուգահեռ ատելություն հրահրելու մեղադրանքներվ գործեր հարուցվեցին, դեպքերի 95 տոկոսում «տուժողը» վարչապետն էր կամ իր աջակից-թիմակիցները, ՔՊ-ականները, «մեղադրյալը»՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։ 2022-ին նման 800 քրեական գործ էր հարուցվել։ Երբ ապաքրեականացվեց այդ հոդվածը, նույն արարքները վերաորակվեցին խուլիգանության անվան տակ։ Այսինքն, ապաքրեականացումը ֆիկտիվ էր։ Առաջին դեպքը՝ փոդքասթերներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեպքն էր․ նրանց ներկայացվեց խուլիգանության մեղադրանք, դատարանը նրանց անմեղ ճանաչեց։ Նույն մեղադրանքով տղաներին կալանավորեցին երկրորդ անգամ, թեեւ խուլիգանությունը բացառվում է, որովհետեւ երկու դեպքում էլ իրենք զգուշացնում են, որ լինելու է ոչ նորմատիվ լեքսիկոն։ Խուլիգանության համար պարտադիր է, որ եթե ոչ նորմատիվ լեքսիկոնը կա, դրա կիրառման ժամանակ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալն է։ Երբ դու մարդկանց զգուշացնում ես, պարզ է, որ հասարակությանը վիրավորելու նպատակ չունես»,- ասում է մեր զրուցակիցը։

Հայաստանում, ընդհանրապես, վիրավորանքից քրեական օրենսգրքով պաշտպանված են միայն դատավորները եւ ՄԻՊ-ը, այն էլ եթե դա կապված է իրենց մասնագիտական գործունեության հետ։ Բոլոր մնացած դեպքերում, ինչ տեսակի վիրավորանք էլ լինում է՝ բողոքարկման միակ ձեւը քաղաքացիական հայցն է։

«Էկզոտիկ հետապնդման մի ձեւը սա է՝ կոծկված վիրավորանքի, քրեականացված վիրավորանքի մեղադրանքներ, երբ դրա հիմքն ընդհանրապես չկա»,- ասում մեր զրուցակիցը։

Մյուս գործիքը՝ հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հայտնի հանցակազմն է կամ «փողով ցուցարարների» հոդվածը, որն իբրեւ գրվել էր ընտրությունների ժամանակ՝ ընտրակաշառքների դեմ պայքարի համար, բայց կիրառվել է ընտրությունների կոնտեքստից դուրս, բացառապես ընդդիմադիրների նկատմամբ, անգամ այն դեպքերում, երբ տարբեր ընդդիմադիր շարժումների ժամանակ ցուցարարներին ընդամենն օրապահիկ եւ սնունդ էին առաջարկում։ Այս շարքի մեջ է նաեւ «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի գործը։

«Միակ դեպքը, որ կարող էր կապված լինել նախընտրական շրջանի հետ, այսինքն նրա հետ, ինչի համար ի սկզբանե այդ օրենքը գրված էր, դա Երեւանի ավագանու ընտրություններն էին, երբ կային փաստեր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» գումարով մարդկանց է ներգրավում իր քարոզարշավին մասնակցելու համար, որը փաստացի նաեւ կարող է ցույց համարվել։ Բնականաբար, դրան որեւէ իրավական հետեւանք չեղավ»,- ասում է իրավապաշտպանը՝ հավելելով՝ մեկ այլ «էկզոտիկ» քաղաքական հետապնդումների տեսակից էր՝ ընդդիմադիր ցույցերի մասնակիցներին սպառնալը՝ «սահման տանելով»։ Այսինքն, վարժական հավաքներին մասնակից դարձնելով․ «Վարժական հավաքների մասին ՀՀ օրենքի կարգավորումներն իդեալական են, որպես հետապնդման գործիք օգտագործելու համար, որովհետեւ այնտեղ չկան չափանիշներ, ռոտացիա չկա, X մարդուն կարող են կանչել ամեն տարի կամ տարին մի քանի անգամ, Y մարդուն ընդհանրապես չկանչել։ Եթե չեմ սխալվում, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էր, որ 2022 թվականի ցույցերից հետո ասաց, որ ցույցերին մասնակիցների մի խմբաքանակ իրենք արդեն ուղարկել են սահման։ Այսինքն, պատժել են՝ ընդդիմադիր բողոքի ցույցին մասնակցելու համար եւ պատրաստվում են դա նորից կրկնել»։

Նախկինի ժամանակաշրջանի հետ համեմատած, Ռաֆայել Իշխանյանը նեկայումս քաղաքական հետապնդումների շատ ընդգծված տարբերություններ է  տեսնում փաստաբանների նկատմամբ։ Հիշեցնենք, 2024-ին, եղան բռնության դեպքեր ոստիկանության բաժիններում։ Խոսքը փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի մասին է։ Այդ ժամանակ իրենց պաշտպանյալը պատմելիս է եղել, թե ինչպե՞ս են իրեն նախորդ օրը ծեծի ենթարկել ոստիկանները. «Օպերատիվ աշխատողները մեծ քանակությամբ եկել բաց դռան առջև կանգնել էին։ Դա ուղղված էր ճնշում գործադրելուն անչափահաս վկայի, ձերբակալված անձի նկատմամբ, որպեսզի նա չպնդի իր ցուցմունքները»։ Դրանով, ըստ մեր զրուցակցի, փաստաբանի դերն ու նրան վերապահված անձեռմխելիությունը բավականին ոտնահարվեց։ Իսկ 2025-ին, ընդամենը տասն օրվա ընթացքում եղավ երկու փաստաբանի ապօրինի կալանավորում՝ Ալեքսանդր Կոչուբաեւի եւ Ռուբեն Մխիթարյանի։ Ի դեպ, Կոչուբաեւին կալանքից ազատեցին ոչ թե այն պատճառով, որ ընդունեցին իրենց սխալը, այլ անձնական խնդիրներով պայմանավորված։

«Այն գործով, որով Կոչումբաեւի դեմ գործ էր հարուցվել՝ ֆեյսբուքյան գրառում, իրավապաշտպանների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը դիրքորոշում էր հայտնել եւ անօրինական բնութագրել գործը։ Նա հայտարարել էր, որ փաստաբանը հետապնդվում է բացառապես այն պատճառով, որ աջակցություն է հայտնել հետապնդվող կրոնական գործիչներին, ովքեր անցած տարի ղեկավարում էին խաղաղ ցույցերը։ Իսկ Ռուբեն Մխիթարյանի պարագայում, ընդհանրապես դեպք չկար․ գրառում կամ ինչ-որ իրավիճակ չկար, մարդը կանգնած էր հավաքի վայրում՝ ձեռքերը վեր բարձրացրած, ինքը կալանավորվեց երկու ամսով։ Քաղաքական հետապնդումների կոնտեքստում սա նոր նշաձող է։ Այսինքն, եթե քեզ կարող են հետապնդել եւ դու գոնե պաշտպանվելու հույս ես ակնկալում, եթե Հայաստանում չէ, գոնե միջազգային դատարաններում, դա պետք է անի փաստաբանը, բայց փաստաբանի՞ն ով պիտի պաշտպանի։ Փաստաբաններին, փաստորեն, կարելի է ոչ մի բանի համար կալանավորել։ Սա քաղաքական հետապնդման աննախադեպ ձեւ է «Նոր Հայաստանում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Շարունակելի

«Առավոտ» օրաթերթ
19.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment