Պաշտոնական այցով Երևանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան մեկ օրում հանդիպել է Հայաստանի բարձրաստիճան չորս պաշտոնյայի հետ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Շեկերինսկային ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխումը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի դերակատարումը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ընդգծվել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվել են գործընկերության խորացման նախադրյալներ։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ՆԱՏՕ նոր ծրագիրը հնարավորություն կստեղծի զարգացնել առավել հավակնոտ օրակարգ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ընդունել են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և վարչապետ Փաշինյանը։ Ըստ հաղորդագրությունների՝ քննարկվել են գերիների ու անհետ կորածների խնդրից մինչև «Թրամփի ուղու» և ապաշրջափակման հարցեր։ Ուշագրավ է, որ հանդիպումները հաջորդում են հարևան Իրանից հնչած այն մտահոգություններին, որ «Թրամփի ուղի»-ին հետագայում կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ներկայությանը Իրանի հյուսիսում։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը բացառել էր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայությունը․
«Չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետև նախ Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Հայաստանն ունի որոշակի շրջանակ համագործակցության ՆԱՏՕ-ի հետ, որը որևէ կերպ չի ենթադրում ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը ՀՀ-ում ու, ընդհանրապես, TRIPP-ի համատեքստում դրա մասին խոսելը, կարծում եմ, նպատակահարմար չէ, որովհետև TRIPP-ը ենթակառուցվածքային նախագիծ է։ Մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք, և երբ լինում են նման անհանգստություններ, ակտիվ քննարկում ենք այդ հարցերը, և փարատվում են նույնիսկ խորհրդարանական մակարդակում։ Նախորդ շաբաթ գործընկերս Իրանից պատգամավորների էր հյուրընկալել, և նաև այդ թեմաներն են քննարկվել։ Այստեղ ես որևէ անհանգստանալու բան չեմ տեսնում»։
Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություն և օրակարգ չունի, իսկ գործակցությունը սկսվել է դեռ 1992-ից, երբ երկիրը դարձել է Հյուսիսատլանտյան գործացության խորհրդի անդամ, ապա՝ միացել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին և 2002-ից մասնակցում է այդ ծրագրի պլանավորմանը և վերանայմանը։ Գործընկերային ծրագրերին զուգահեռ՝ ակտիվացել է հատկապես պաշտպանության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը, մասնավորապես, համատեղ զորավարժությունները։

Ուշագրավ է, որ նախօրեին Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում պահանջել է կատարել Մոսկվային տրված խոստումները Արևելքում ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ։
«Մենք պարզապես պահանջում ենք կատարել մեզ տրված խոստումները։ Հրապարակայնորեն հայտարարվել է, չէ՞, որ դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ոչ մի ընդլայնում չի լինի։ Եվ ի՞նչ։ Նրանք թքած ունեն՝ ընդլայնման մեկ ալիքը մյուսի հետևից»-ասել է Ռուսաստանի նախագահը։
Նախորդ ամիս Հայկական խորհուրդը (նախկին Անվտանգության և քաղաքականության հետազոտական կենտրոնը) «Ինչո՞ւ է անհրաժեշտ վերանայել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը» վերտառությամբ ծավալուն հոդված հրապարակեց։ Ըստ դրա՝ «ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերանայումը կարող է նպաստել Հայաստանի ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումներին, ուժեղացնել կիբեռանվտանգության, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի և ճգնաժամային կառավարման կարողությունները:
Երկկողմ գործակցության ամրապնդման համատեքստում կարևորվել են Ռուսաստանի և Իրանի դերը, Թուրքիայի առանցքային դերակատարումը և Ադրբեջանի հետ դրա դաշնակցային հարաբերությունները: Հոդվածում կա փորձագիտական կարծիք, որ Դաշինքի հետ հարաբերությունների վերանայման հարցում Հայաստանը պետք է որդեգրի «գործակցության խորացում՝ առանց նոր մարտահրավերների ստեղծման» բանաձևը»։

Հայկական խորհուրդը հիշեցրել է, որ հայ խաղաղապահները մասնակցել են Աֆղանստանում և Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելություններին և դեռ ներգրավված են Կոսովոյի առաքելությանը։
«Երկկողմ գործակցության խորացման համար նպատակահարմար է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ամրապնդել «Պաշտպանական կարողությունների զարգացման» (Defence Capacity Building) գործիքի շրջանակում։ Դրա միջոցով տարատեսակ աջակցություն է տրամադրվում դաշինքի անդամ չհանդիսացող Վրաստանին, Մոլդովային, Իրաքին, Թունիսին և այլ երկրների:
Հայաստանի համար այն կարող է ծառայել որպես կարևոր հարթակ՝ պաշտպանական ինստիտուտների արդյունավետության բարձրացման, կրթական և ուսումնական համակարգերի արդիականացման, կառավարման թափանցիկության բարձրացման, ինչպես նաև՝ ուժային կառույցները միջազգայնորեն ընդունված չափանիշներին համահունչ դարձնելու ուղղությամբ»։
ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման կարևոր ակյունաքարերից է համարում Նիկոլ Փաշինյանը։ Այս ձևակերպումը վարչապետն արել էր նախորդ տարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ Երևանում հանդիպելուց հետո․
«Մեր տարածաշրջանում զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր պաշտպանությունը և դիմակայունությունը և զարգացնել պաշտպանական կարողությունները։ Մենք մեծապես կարևորում ենք նաև խաղաղապահ գործունեությունը և այն համարում ենք ներդրում միջազգային խաղաղության և ապահովման գործում»։

Այս օրերին Երևանում գտնվող ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպում է նաև քաղհասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ում դաշնակից երկրների դեսպանների հետ։