Հայաստանի վարչապետը երկու առաջարկ է արել ՌԴ-ին՝ չընդունելով Մոսկվայի ակնկալիքը

Տարածաշրջանի ենթակառուցվածքներն ապաշրջափակելու հարցով՝ Հայաստանի վարչապետը երկու առաջարկ է արել ռուսական կողմին։ Առաջարկներից ոչ մեկը, սակայն, կապ չունի «Թրամփի ուղի» ծրագրին այս կամ այն կերպ միանալու Մոսկվայի հավակնությունների հետ։ Առաջարկները վերաբերում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատանքին։ Առաջիկա կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը  մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախ մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ապա՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Պաշտոնական  Երևանը որևէ կերպ չի արձագանքում Մոսկվայից ստացած ազդակներին և անգամ այդ երկրի արտգործնախարարության ակնարկներին՝ «Թրամփի ուղի» նախագծին այս կամ այն կերպ միանալու ցանկության և պատրաստակամության մասին։ Հայաստանի պաշտոնյաները վկայակոչում են վաշինգտոնյան համաձայնագիրը, ըստ որի՝ նախագիծը երկկողմ է, հետևաբար ձևաչափում որևէ փոփոխության որոշումը պետք է կայացվի կոնսենսուսով։

Հայաստանում չեն հասկանում ռուսական շահարկումը, թե «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ»–ի դուստր ձեռնարկություն է, որն ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ «Ռադիոլուր»–ի հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է․

«Երկաթուղու Մեղրիի հատվածի հետ կապված թյուրըմբռնում կա, որովհետև այդ հատվածը Ռուսաստանի կառավարման ներքո չէ, որ իրենք հանձնեն Հայաստանին։ Դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է, և մենք այդ տարածքի կառավարումը որևէ մեկին չենք արտապատվիրակել։ Այնտեղ երկաթուղի չկա, որ մի հատ էլ կառավարվեր որևէ մեկի կողմից։ Այսինքն` այդպիսի թեմա չկա»։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ այս պահին և մինչև տարեվերջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները քննարկելու են TRIPP–ի պայմանագրի և կոնսորցիումի ստեղծման իրավական շրջանակը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը օրերս պարզաբանել էր, որ Մեղրու հատվածում երկաթգծի կառուցումից հետո այն ամենայն հավանականությամբ կհանձնվի հայ–ամերիկյան կոնսորցիումի կառավարմանը։   

Փոխարենը Երևանն այլ առաջարկ ունի Մոսկվային, որը Նիկոլ Փաշինյանն արդեն բարձրաձայնել է։

«Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել, մասնավորապես` երկաթուղու Երասխից մինչև Ադրբեջանի՝ դեպի Նախիջևան սահման և Ախուրիկի հատվածի մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ։ Կարծում եմ` ես առաջիկայում նույն հարցը կբարձրացնեմ Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետև կարծում եմ` այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա։ Հույս ունեմ` Ռուսաստանի մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքը իրականություն կդարձնեն»։   

Չի բացառվում, որ այս հարցերը Հայաստանի վարչապետն առաջիկայում քննարկի Սանկտ Պետերբուրգում, որտեղ նախ մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ապա՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այդ միջոցառումները նախատեսված են դեկտեմբերի 21-ից 22-ը և վարչապետը հաստատել է, որ մեկնելու է Սանկտ Պետերբուրգ։ Լոգիտսիրկ խնդիրները Հայաստանը կարևորում է ոչ միայն խաղաղության օրակարգի, այլ նաև հենց ԵԱՏՄ–ում գործակցության անհրաժեշտության տեսանկյունից։ Փաշինյանը դա ասում է կոնկրետ օրինակով․

«Ղազախստանի հետ տեսեք մեր քաղաքական հարաբերությունները ինչ բարձր մակարդակում են։ Ե՛վ Ղազախստանը, և՛ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են, բայց եկեք նայենք առևտրաշրջանառությունը։ Շատ փոքր՝ իր պոտենցիալի համեմատ և փոքր այո, բացարձակ թվով էլ։ Ինչո՞ւ՝ լոգիստիկ կապերի, պրոբլեմների պատճառով և հիմա այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, նոր հնարավորություններ է բացում նաև ԵԱՏՄ–ի սահմաններում։ Կամ հիշո՞ւմ եք, երբ օգոստոսի 8–ի հռչակագրից հետո ասում էր, որ սա հակառուսական որոշում է, որ սա ընդդեմ Ռուսաստանի է, ես էլ ասում եի՝ ոչ, սա նոր հնարավորություններ է բացում նաև Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների համար։ Հիմա այն ինչ անկախ Հայաստանի և անկախ Ռուսաստանի պատմության մեջ չի եղել երբևէ, օգոստոսի 8–ի պայմանավորվածությունների արդյունքում տեղի է ունեցել։ Հայաստանը և Ռուսաստանը ունեն երկաթուղային կապ, և նաև այս որոշումները ԵԱՏՄ շրջանակը շատ ակտիվացնելու են»։

Վարչապետը հաստատում է, որ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում Հայաստանը նոր օգնություն կստանա՝ Հունգարիայի վետոն հաղթահարելուց հետո, բայց «Ռադիոլուր»–ի հարցին ի պատասխան պարզաբանում է նաև, որ գումարն օգտագործվելու է բացառապես խաղաղության օրակարգին համահունչ։

 «Այո, արտաքին գործերի նախարարը զեկուցել է ինձ, որ Հունգարիայի գործընկերները կարծես որոշմանը համաձայնել են, և կա կոնսենսուս։ Դե յուրե որոշումը կլինի, կհրապարակվի։ Բովանդակային առումով այս պահին չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում դա նպաստելու է և ծախսվելու է խաղաղության օրակարգի և խաղաղության տրամաբանությամբ»։

Ավելի կոնկրետ Եվրոպական խաղաղության գործիքի նոր որոշումը հաստատվելու է հունվարին։ Հայաստանը 2024 թ․ հուլիսին արդեն ստացել էր 10 մլն եվրո՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու նպատակով, ինչը ներառել էր նաև բժշկական օգնության ամբուլատորիա և համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

2025 թ․ մարտին Հայաստանը ներկայացրել էր երկրորդ հայտը՝ հիմնադրամից նոր աջակցություն ստանալու նպատակով։ Բայց ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հունգարիան արգելափակել էր այդ որոշումը։ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն այն ժամանակ հաստատել էր արգելափակման փաստը՝ նշելով, թե իրենք դեմ չեն Հայաստանի աջակցությանը, սակայն նույն  չափով աջակցություն են պահանջում նաև Ադրբեջանի համար։

Խաղաղության օրակարգի շրջանակում արցախցիների վերադարձի հարցը չքննարկելու  որոշումը վարչապետ Փաշինյանը կրկնել է կառավարության նիստից հետո։ Վերջին օրերին Ղարաբաղից տեղահանվածների մեջ ակտիվորեն շրջանառվում է վերադարձի միջազգային իրավունքից օգտվելու պահանջը։ Ձևավորել են անգամ Արցախի հիմնարար իրավունքների պաշտպանության խորհուրդ։ Խորհրդի անդամ Արմինե Ալեքսանյանը նշում է․

«Հավաքական վերադարձը ներկայիս առումով, իհարկե, իրատեսական չէ։ Անվտանգության բացակայության պայմաններում, առանց հստակ միջազգային երաշխիքների արցախահայության հավաքական վերադարձը հավասարազոր է ինքնասպանությամբ, և սա բոլորիս համար հասկանալի է։ Ենթադրվում է, որ արցախցիները թողել, եկել են իրենց հայրենիքը, կարծես, ինքնակամ և պետք է համակերպվեն այս նոր իրողության հետ, պետք է բնակություն հաստատեն Հայաստանում, աշխատանք գտնեն, շարունակեն ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Այլ կերպ ասած` Արցախը կարծես թե այսօրվա խաղաղության գինն էր։ Հավաքական վերադարձի իրավունքը պետք է լինի հավաքական և արժանապատիվ»։

Սրանով  հանդերձ՝ կա նաև այն համոզմունքը, որ այս փուլում միջազգային հանրությունը նույնպես  զուսպ դիրքորոշում ունի վերադարձի իրավունքը պաշտպանելու  հարցում։ Հայաստանի վարչապետը հենց սրանով, նաև պատմությունից դասեր քաղելու սկզբունքով է հիմանվորում  իշխանության որոշումը։

«Այդ ճանապարհը մի ճանապարհ է, որը մեզ դնելու է մի վիճակում, որ մենք Խրիմյան Հայրիկի նման թղթե շերեփը առած ընկնենք դռնեդուռ և մեծ ու փոքր տերությունների առաջ, ինչպես Խրիմյան Հայրիկն էր ասում, լացուկոծով զբաղվենք։ Ինչը կբերի նրան, որ բոլորը մեզ կօգտագործեն սեփական նպատակների համար, և միակ սուբյեկտը, որ մեզ չի օգտագործի սեփական նպատակների համար, կլինենք մենք։ Դասեր չենք քաղում։ Տարբեր պայմանագրեր ենք ունեցել` Սան Ստեֆանոյի կոնֆերանս, Բեռլինի կոնֆերանս, Սևրի պայմանագիր, այս դատարանի վճիռ, այն դատարանի վճիռ, այնինչ փաստաբանը այսպես ասաց՝ բա տեսա՞ք ուժեղ փաստաբանը, որը նախկինում 1861 թ–ին եղել է չգիտեմ որ դատարանի գերագույն դատավորը այսպիսի բան ասաց։ Փրկվեցինք։  Ո՛չ, մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից։  Դա ճանապարհ է մեր և մասնավորապես Ղարաբաղի ժողովրդին հավիտյան պանդուխտի կարգավիճակի դատապարտել»։  

Այդ ճանապարհով, ըստ վարչապետի, արցախահայերի անգամ հաջորդ սերունդները չեն իմանա՝ որտեղ են ապրելու։ Հայաստանի վարչապետն ուղիղ առաջարկում է տնավորվել Հայաստանում։ Նաև պնդում է, որ այդ ճանապարհից հրաժարվելն է թույլ տվել Հայաստանը դարձնել լիարժեք պետություն, որը, ըստ Փաշինյանի,  ընդամենը երկու տարի է, ինչ այդ կարգավիճակում է։

Leave a Comment