Քննարկել են տրանսպորտային միջոցներից արտանետումների կանխարգելման վերահսկողական միջոցառումների շրջանակում առկա խնդիրները

Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ նիստի մասնակիցներին են ներկայացվել Երևան քաղաքում վերջին 3 տարիների ընթացքում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի արդյունքներն ու դրանցից բխող հիմնական խնդիրները, օդի որակի գնահատման ոլորտում մշակված օրենսդրական կարգավորումների և նախագծերի դրույթները, մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացված և ընթացիկ վերահսկողական աշխատանքների արդյունքները՝ արձանագրված իրավախախտումների և կիրառված վարչական միջոցների համատեքստում, ինչպես նաև Երևան քաղաքում օդի որակի վրա առավել բացասական ազդեցություն ունեցող աղբյուրների գույքագրման ընթացքը և դրանցով պայմանավորված աղտոտվածության նվազեցման ուղղությամբ առաջարկվող միջոցառումները։

Մասնակիցները քննարկել են նաև ավտոտրանսպորտային միջոցներից արտանետումների կանխարգելման վերահսկողական միջոցառումների շրջանակում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Անդրադարձ է կատարվել ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության շրջանակում շարժիչի արտանետումների չափման գործընթացի ամբողջական թվայնացման, զննության կայանների տեխնիկական վերազինման և վերահսկողության էլեկտրոնային գործիքների կիրառման ուղղությամբ մշակվող առաջարկություններին։

Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցության շարունակականությունը և տվել համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment