Տնտեսության ընդհանուր նկարագիրը, պետական բյուջեի եկամուտները և ծախսերը․ «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է 2025թ. առաջին 9 ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։

Մաս 1 | Տնտեսության ընդհանուր նկարագիրը, պետական բյուջեի եկամուտները և ծախսերը

🔹2025թ. 9 ամիսներին արձանագրվել է բավական բարձր տնտեսական աճ, սակայն դրա կառուցվածքը բավական խնդրահարույց է։ Աճին հիմնականում նպաստել են ծառայությունների և շինարարության ոլորտները, մինչդեռ արդյունաբերությունում անկում է՝ պայմանավորված մշակող արդյունաբերության զգալի անկմամբ։ Արտաքին ապրանքաշրջանառության անկումը նույնպես զգալի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 39.3%-ով պակաս։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2025թ. 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վատթարացել է 19.2%-ով` պայմանավորված ներմուծման համեմատ արտահանման ավելի մեծ անկմամբ: Արտահանումը դոլարային արտահայտությամբ նվազել է 46.8-ով, իսկ ներմուծումը՝ 33.4%-ով: Ավելին, ըստ էության տնտեսական աճը ներառական չէ։ Իրական ՀՆԱ-ի 6% աճի պայմաններում իրական աշխատավարձն աճել է ընդամենը 1.9%-ով։ Բարձր է մնում աղքատության մակարդակը։ Սպառողական և հիպոթեքային վարկերի ծավալները զգալիորեն՝ համապատասխանաբար 31.1%-ով և 30.6%-ով, աճել են, մինչդեռ բնակչության եկամուտների աճն անհամեմատ ավելի ցածր է։

🔹2025թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 2,126 մլրդ դրամ եկամուտ։ Ի տարբերություն հարկային եկամուտների և պետական տուրքերի, որոնց գծով հաջողվել է կատարել պլանը, պաշտոնական դրամաշնորհների մասով առկա է չափազանց մեծ թերակատարում` պայմանավորված նպատակային դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով։ ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտներում զգալիորեն՝ 28.4%-ով աճել են իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերը՝ հիմնականում պայմանավորված ՀՀ ներքին գործերի նախարարության գանձումների աճով։

🔹2025թ. 9 ամիսներին պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,205 մլրդ դրամ։ Ճշտված պլանի համեմատ ծախսերի թերակատարումը 14.3% կամ 366.6 մլրդ դրամ է։ Թերակատարվել են և՛ ընթացիկ, և՛ կապիտալ ծախսերը։

🔹Տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերի թերակատարումն էապես՝ 2.7 անգամ ավելի մեծ է, քան ընթացիկ ծախսերինը։ Այսինքն՝ տնտեսության վրա ծախսերի թերակատարման բացասական ազդեցությունն իրականում շատ ավելի խոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ պետությունն առաջին հերթին հենց կապիտալ ծախսերով է ավելացնում տնտեսական աճի պոտենցիալը։ Կապիտալ ծախսերի գծով թերակատարումը հիմնականում պայմանավորված է «ՀՀ պաշտպանության ապահովում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» և «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրերի շրջանակներում իրականացված կապիտալ ծախսերի ցածր կատարողականով:

Շարունակելի…

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Leave a Comment