«911», «102», «101» հեռախոսահամարներին զուգահեռ գործելու է «112»-ը․ ՆԳ փոխնախարար

Անհրաժեշտ է ձևավորել տարբեր ճգնաժամային իրավիճակների, իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, պատահարների և այլ արտահերթ դեպքերի վերաբերյալ ահազանգերի ընդունման ու արձագանքման առավել մատչելի և արդյունավետ համակարգ՝ միաժամանակ ապահովելով արձագանքման ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։

«Նախատեսվում է բոլոր ահազանգերի համար ստեղծել մեկ միասնական կառավարման կենտրոն և մեկ միասնական հեռախոսահամար։ Այդ նպատակով առաջարկվում է ՆԳՆ կառուցվածքում ստեղծել օպերատիվ կառավարման գրասենյակ, որի հիմնական գործառույթները կլինեն օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակների կառավարումը, այդ թվում՝ հեռախոսազանգերով կամ այլ եղանակով ստացված տեղեկությունների ընդունումն ու դրանց արձագանքի կազմակերպումը, ինչպես նաև արձագանքող ուժերին անհրաժեշտ կողմնորոշիչ տվյալների տրամադրումը։ Օպերատիվ կառավարման գրասենյակի ձևավորմամբ առաջարկվում է դադարեցնել ոստիկանության օպերատիվ կառավարման և ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեությունը՝ նրանց տեխնիկական համակարգերը ամբողջությամբ փոխանցելով նոր գրասենյակին»,– ասել է փոխնախարարը։

Leave a Comment