Տասնհինգ տարի առաջ «Մանչեսթեր Սիթին» այնքան էր հիացած «Բարսելոնայի» հաջողություններով, որ որոշեց կրկնօրինակել կատալոնական ակումբի կառուցվածքը։ Նախ՝ աշխատանքի հրավիրեցին գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոյին և մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնին, իսկ հետագայում թիմի ղեկը վստահեցին Պեպ Գվարդիոլային։ Այս ամբողջ նախագծին պակասում էր միայն Լիոնել Մեսսին, թեև Աբու Դաբիի ներդրողների գալուստի հենց սկզբում «քաղաքայինները» քիչ էր մնում սխալմամբ ձեռք բերեին արգենտինացի լեգենդին։
2016 թվականին, երբ Գվարդիոլան տեղափոխվեց Մանչեսթեր, անընդհատ լուրեր էին պտտվում Մեսսիի հնարավոր տրանսֆերի մասին։ Սակայն իրականում «Սիթին» պաշտոնական առաջարկ արել է միայն մեկ անգամ՝ 2008 թվականին, և դա եղել է կատարյալ թյուրիմացության արդյունք։
Մեկ օրում դարձած միլիարդատերեր
2008-09 մրցաշրջանը «Սիթին» սկսել էր ծանր վիճակում։ Ակումբի սեփականատեր Թաքսին Շինավատրան ֆինանսական և իրավական խնդիրներ ուներ, իսկ նորանշանակ մարզիչ Մարկ Հյուզը ցնցված էր ակումբի ենթակառուցվածքների վատ վիճակից։

Սակայն սեպտեմբերի 1-ին ամեն ինչ փոխվեց։ Հյուզը տեղեկացավ, որ ակումբը գնել է «Abu Dhabi United Group»-ը։ Նոր սեփականատերերը պահանջեցին անհապաղ իրականացնել «աղմկոտ» տրանսֆեր, բայց խնդիրն այն էր, որ տրանսֆերային պատուհանի փակմանը հաշված ժամեր էին մնացել, իսկ «Սիթին» այն ժամանակ ընկալվում էր որպես միջին կարգի թիմ։

«Messy»-ից դեպի «Messi»
Այդ քաոսային օրվա ընթացքում «Սիթիի» ղեկավարությունը փորձում էր կապ հաստատել համաշխարհային աստղերի հետ։ Ակումբի նախկին գործադիր տնօրեն Գարի Կուկը պատմել է զավեշտալի դրվագը.
«Պատկերացրեք իրավիճակը․ բանակցությունների թեժ պահն է։ Ակումբի ներկայացուցիչ Պայրոջ Պիեմպոնգսանտը պառկած մերսում էր ստանում և հեռախոսով գոռում էր՝ «Yes, yes, yes! Very messy, messy, it’s getting messy»: Նա նկատի ուներ, որ իրավիճակը դառնում է «խառնաշփոթ» (անգլերեն՝ messy), սակայն հեռախոսի մյուս կողմում դա լսեցին որպես «Մենք պետք է ձեռք բերենք Մեսսիին» (Get Messi):
«Գարի, սա շփոթեցնող է, բայց արի առաջարկ ուղարկենք, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց իմ գործընկեր Պոլը։ Եվ մենք իսկապես առաջարկ ուղարկեցինք»։
Ըստ Կուկի՝ առաջարկը կազմել է մոտ 70 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը կգերազանցեր այն ժամանակվա համաշխարհային ռեկորդը (Զիդանի տրանսֆերը «Ռեալ»՝ 50 մլն ֆունտ)։ Թեև Մեսսին դեռ 21 տարեկան էր և չէր ստացել իր առաջին «Ոսկե գնդակը», նա արդեն համարվում էր ապագա գերաստղ։

«Դուք խելքներդ թռցրե՞լ եք»
«Բարսելոնան» ապշած էր։ Հաջորդ օրը Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Դեյվ Ռիչարդսը զանգահարել է Կուկին․ «Գարի, դուք իսկապե՞ս առաջարկ եք արել Լիոնել Մեսսիի համար։ Յոթանասուն միլիոն ֆո՞ւնտ։ Դուք խելքներդ թռցրե՞լ եք»։
Մարկ Հյուզի օգնական Մարկ Բոուենը հիշում է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վրդովված էր այդ քայլից՝ համարելով այն անհեթեթություն։ Ի վերջո, «Սիթին» այդ օրը ձեռք բերեց ոչ թե Մեսսիին, այլ Ռոբինյոյին, ով, ի դեպ, կարծում էր, թե տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։

Սիրողական մակարդակից՝ պրոֆեսիոնալիզմ
Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան սիրողական էր գործում ակումբը հարստանալու առաջին օրերին։ Հետագայում «Սիթին» դասեր քաղեց։ Ֆերան Սորիանոյի և Չիկի Բեգիրիստայնի գալուստով, իսկ հետո նաև Գվարդիոլայի ժամանումով, ակումբը դարձավ համաշխարհային ֆուտբոլի լրջագույն կառույցներից մեկը։
Այսօր նման սխալներն անհնար են թվում։ «Մանչեսթեր Սիթին» այլևս մերսման սեղանից արված պատահական առաջարկներով չի աշխատում, այլ պլանավորում է իր տրանսֆերները ամիսներ առաջ՝ ձեռք բերելով այնպիսի աստղերի, ինչպիսին Էրլինգ Հալանդն է։