«Էս ծրագրով ուղղակի մեկ պետական մեգաապահովագրական եք ստեղծում, նախագիծը հապշտապ բերել եք, որ մարդկանց քվեն ստանաք»

«Տիկին Ավանեսյանը մեծ ջանք է թափել, հսկայական աշխատանք է կատարել այս ոլորտում այս բարեփոխումը տեղ հասցնելու համար։ Բայց իմ տեսակետն է, որ այն ակնկալիքները, որոնք ունի տիկին Ավանեսյանը, չեն արդարացվելու»,- ԱԺ նստաշրջանում առողջության համընդհանուր ապահովագրության մասին եւ կից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա հարցադրում արեց․ «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենալու հունվարից հետո, հունվարի 3-ից հետո ինչ հոսք է լինելու։ Եվ այդ հոսքի պատճառով մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված գումարներն ավարտվելու են։ Դուք դա հաշվարկե՞լ եք։ Տիկին Ավանեսյան, եթե նախատեսված գումարները վերջանան, ի՞նչ է տեղի ունենալու, խոսքը գնում է մի 200 մլրդ լրացուցիչ դրամի մասին, եթե պետք լինի, որպեսզի մենք կարողանանք էդ ամեն ինչի տակից դուրս գանք»։

Մանրամասները՝ տեսանյութում.

«Հայաստան» խմբակցության պատագամավոր Քրիստինե Վարդանյանն էլ (լուսանկարում) ասաց, որ իշխանություններն ապահովագրությունը ներդնում են նախընտրական փուլում, որպեսզի կարողանան մարդկանց քվեն ստանալ։ «Նախագիծը հապշտապ բերել եք, որ մարդկանց քվեն ստանաք։ Սահմանել եք, որ հունվարի մեկից քաղաքացու հարկը պետք է բարձրանա, դեկտեմբերի 2-ն է, մենք նոր առաջին ընթերցում ենք անում ու քննարկում։ Եվ այլ տրամաբանություն, որ 6 ամիս հետո ընտրություններ են, դրա համար է սա քննարկվում, ուղղակի չկա։ Այլապես մենք հնարավորություն կունենայինք ոչ թե ունենալ էն, ինչ դուք հասցրել եք բերել Ազգային ժողով, այլ հնարավորություն կունենայինք միջազգային լավագույն փորձով առաջ շարժվել։ Դուք, ըստ էության, ուղղակի ուսումնասիրել եք շուկան, տեսել եք ապահովագրական ընկերությունների գործունեությունը, տեսել եք, որ, այո, այդտեղ կա երեւի թե մեծ շահույթ, եւ դա մասնավոր կայացած ինստիտուտներից է, հիմա դուք էս ծրագրով ուղղակի մեկ պետական մեգաապահովագրական եք ստեղծում»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցադրում արեց․ «Դուք ի՞նչ հիմնական հարց եք ուզում լուծել սրանով, ի՞նչ եք ուզում անել, այս պարզ հարցի պատախանը հստակ ձեւակերպեք։ Մի կողմից ասում եք, որ սա հեղափոխական մոտեցում է, շատ լավ, ընդունենք՝ հեղափոխական մոտեցում է։ Բայց մյուս կողմից էլ ասում եք, որ էս աշխարհում ձրի ոչինչ չկա, եւ առողջապահության համընդհանուր ապահովագրություն չի նշանակում, որ առողջապահությունն այլեւս անվճար է լինելու ՀՀ-ում։ Էդ դեպքում ուզում եմ հասկանալ, թե սրա ինչն է հեղափոխական»։

Խամոյանը նշեց, որ առողջապահության նախարարը մինչ օրս չի նեկայացրել ցանկը, թե հստակ որ ծառայություններից տարեկան քանի անգամ կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները։

Մանրամասները՝ տեսանյութում.

ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ելույթում ասաց․ «Եթե կա մի վնաս այս նախագծից, ասեք, որ մենք փորձենք չեզոքացնել այդ վնասը։ Օգուտը՝ կլինի քիչ, կլինի շատ, կլինի արագ, կլինի դանդաղ, բնականաբար, խնդիրներ կլինեն, բարդ համակարգ ենք մենք հիմա գործարկում։ Հիմա նախարարությունը անում է ինչ-որ բան, դուք եկել ասում եք՝ կլինեն հերթեր հունվարին։ Հա, միգուցե կլինեն հերթեր, ե՞ւ։ Բա չկա համընդհանուր ապահովագրություն, հիմա լինելու է, եւ լինելու է հերթ։ Հիմա քննարկենք, թե ոնց այդ հարթերի հարցը լուծենք»։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment