Զենք արտադրող 100 խոշորագույն կազմակերպությունների եկամուտներն անցյալ տարի հասել են ռեկորդային 679 միլիարդ դոլարի, ինչը 5.9% -ով ավելի է 2023 թվականի համեմատ։ Այս մասին հայտնել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI)՝ զենքի համաշխարհային առևտրի վերաբերյալ իր զեկույցում։
Փաստաթղթում նշվել է 100 խոշորագույն զենք արտադրողների համակցված եկամուտների կտրուկ աճ՝ երկրների կողմից իրենց զինանոցներն ընդլայնելու և արագորեն արդիականացնելու ցանկության ֆոնին։
Զենքի համաշխարհային վաճառքից եկամուտները կտրուկ աճել են 2024 թվականին՝ Ուկրաինայի և Գազայի պատերազմների պատճառով պահանջարկի աճի, գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածության և ռազմական ծախսերի կայուն աճի ֆոնին։ 2018 թվականից ի վեր առաջին անգամ աշխարհի հինգ խոշորագույն զենք արտադրող ընկերությունները մեծացրել են իրենց արտադրանքի վաճառքից ստացված եկամուտները։
Հիմնական աճը բաժին է ընկնում եվրոպական և ամերիկյան ընկերություններին, սակայն տարեկան աճ է նկատվել նաև աշխարհի բոլոր տարածաշրջաններում, որոնք ներկայացված են առաջին հարյուրյակում: Միակ բացառությունն Ասիան և Օվկիանիան էին, որտեղ, ըստ SIPRI-ի, չինական ռազմական արդյունաբերության խնդիրները հանգեցրել են տարածաշրջանային ընդհանուր ցուցանիշի անկմանը: Եկամուտների աճը և նոր պատվերները շատ զենք արտադրող ընկերությունների դրդել են ընդլայնել արտադրական գծերը, մեծացնել հզորությունները, բացել նոր դուստր ձեռնարկություններ կամ կատարել ձեռքբերումներ:
Մասնավորապես, Եվրոպայի 26 ընկերություններից 23-ի, բացառությամբ Ռուսաստանի, ընդհանուր եկամուտն աճել է 13 %-ով՝ հասնելով 151 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը պայմանավորված է Ուկրաինայում պատերազմի հետ կապված պահանջարկով և Ռուսաստանից եկող ենթադրյալ սպառնալիքով: Հատկանշականորեն մեծ աճ է գրանցվել Չեխիայի «Չեխոսլովակյան խմբի» համար, որի եկամուտներն աճել են 193 %-ով՝ մասամբ Ուկրաինայի համար հրետանային արկեր մատակարարելու կառավարության կողմից իրականացվող նախագծի շնորհիվ, ինչպես նաև Ուկրաինայի «Ուկրաինական պաշտպանական արդյունաբերություն» ԲԲԸ-ի համար, որը 41 % աճ է գրանցել։
SIPRI-ի ցուցակում ընդգրկված երկու ռուսական ընկերությունների՝ «Ռոստեկի» և «Միացյալ նավաշինական կորպորացիայի» զենքի վաճառքից ստացված եկամուտները 23 %-ով աճել են՝ հասնելով 31.2 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ չնայած պատժամիջոցների պատճառով բաղադրիչների պակասին։ SIPRI-ն նշել է, որ ներքին պահանջարկն ավելին քան բավարար է զենքի արտահանման անկումը փոխհատուցելու համար, չնայած որակյալ աշխատուժի պակասը մարտահրավեր է։
Զենքի վաճառքից ստացված եկամուտներն աճել են նաև Մերձավոր Արևելքում, և վարկանիշային աղյուսակում ընդգրկված երեք իսրայելական ընկերությունները 16% աճ են գրանցել՝ հասնելով 16.2 միլիարդ ԱՄՆ դոլարի։
Ասիայում և Օվկիանիայում եկամուտների 1.2%-ով անկումը մինչև 130 միլիարդ ԱՄՆ դոլար պայմանավորված է ինդեքսում ընդգրկված 8 չինական ընկերությունների եկամուտների 10%-ով անկմամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցյալ տարի չինական զենքի գնման մեջ բազմաթիվ կոռուպցիոն մեղադրանքները հանգեցրել են խոշոր պայմանագրերի հետաձգման կամ չեղարկման։