Թումոյի AI դասընկերը՝ գլխավոր մրցանակակիր՝ 500 000 մրցանակով․ հայկական նախագիծն առաջինն է աշխարհում

1 միլիոն դոլար, 427 մասնակիցներից 3-ի համար։ Թումո կենտրոնը, մրցակցելով ամբողջ աշխարհից տարբեր տեխնոլոգիական նախագծերի հետ, առաջին տեղն է զբաղեցրել ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից WISE Prize for Education-ում և պարգևատրվել 500․000 դոլարով։ Կատարում կայացած WISE12 մրցանակաբաշխությանը Թումոն ներկայացել է Արհեստական բանականությանն առընչվող թեմայով՝ AI colearner (դասընկեր) նախագծով։

«427 տարբեր երկրների, տարբեր նախագծերի մեջ հաղթելն, իրոք, մեծագույն պատիվ է և՛ երկրի, և՛, հատկապես, մեր թիմի համար», – նշում է Շուշան Մարուքին՝ Թումոյի PR մենեջերը։

«Թումոյի AI-ը չի սովորեցնում ուսանողներին, այն սովորում է նրանց հետ կողք-կողքի։ Երբ ուսանողը յուրացնում է որևէ գաղափար, AI-ը խնդրում է նրան օգնել։ Երբ ուսանողը դժվարանում է առաջ գնալ, AI-ն առաջինն է կատարում առաջադրանքը, իսկ ուսանողը հետևում է նրան։ AI դասընկերը իրական ժամանակում հարմարվում է ուսանողի կրթական ռիթմին՝ ամրապնդելով սովորածը զրույցի միջոցով՝ կարգադրելու փոխարեն», – այսպես է ներկայացրել Թումոն WISE12-ում ներկայացրած նախագիծը։

Մրցանակը թիմի անունից ընդունել է Թումոյի ծրագրավորման բաժնի ղեկավար Վահագն Փափազյանը։ Նա իր խոսքում կարևորել է Թումոյի համայնքակենտրոն և մարդակենտրոն դերը․ «Մրցանակը հավաքական խոստում է բոլոր երիտասարդ սովորողներին՝ ընդգծելով Թումոյի հանձնառությունը զորեղացնել տարբեր համայնքներում և սոցիալական հանգամանքներում գտնվող պատանիներին նորարարության ու մարդակենտրոն կրթական գործիքների միջոցով»։

Թե ինչ նպատակով են օգտագործելու մրցանակային 500 հազար դոլարը, Շուշանն ասաց՝ Թումոյում ռոբոտաշինության, խաղերի ստեղծման, ծրագրավորման կրթական ուղղությունների կողքին ներդրվելու և զարգացվելու է հերթականը։

«AI-ը ստեղծվում է որպես առանձին ուղղություն։ Դա ստեղծելու, զարգացնելու կարիք կա։ Զուգահեռ նոր անձնակազմ ենք հավաքելու, քանի որ ներկայում չունենք մարդիկ, որ կարող են ստեղծել և դասավանդել AI։ Գումարն ամբողջությամբ ներդրվելու է մեր նոր կրթական այդ ուղղության զարգացմանը»։

Թումո տեխնոլոգիական կենտրոնի հետ եզրափակիչ փուլ էին անցել 6 մասնակիցներ: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրել է Հորդանանից iqrali.jo-ն արաբերեն գրագիտության զարգացման հավելվածով, երրորդ տեղը՝ ԱՄՆ-ից Darsel-ը՝ մաթեմատիկական չաթբոտով։

 

Leave a Comment