Անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետվճարը 12 %-ից կդառնա 20 % – Live News

«Նախագծով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12 %-ն ավելացնել և սահմանել 20 %՝ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնելով 10 000 դրամ»,- կառավարության նիստում հայտնել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:

Նրա խոսքով՝ հետվճարային համակարգի կիրառման ժամկետը երկարաձգվում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և արդյունքում կենսաթոշակների չափը 2026 թվականին կավելանա 3000-4000 դրամով, ինչի համար բյուջեից կհատկացվի շուրջ 14 մլրդ դրամ:

Թորոսյանը հայտնեց, որ հոկտեմբերի տվյալներով՝ ծրագրի շահառուների թիվը 366 հազար 432 է, աճը նախորդ ամսվա համեմատությամբ 3,6 % է:

«Անկանխիկ գործարքների հանրագումարը 14 մլրդ 768 մլն դրամ է, աճը՝ 6,9 %: Շահառուից ստացած հետվճարի միջին չափը 4 157 դրամ է, աճը՝ 2,8 %, ստացված հետվճարի ծավալը 1 մլրդ 523 մլն դրամ է, աճը՝ 6,5 %»,-հայտնել է ԱՍՀ նախարարը:

Ըստ Թորոսյանի՝ նոյեմբերի դրությամբ կենսաթոշակ և նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661 հազար 811, որից 600 հազար 126-ը կենսաթոշակը կամ նպաստը ստանում է անկանխիկ եղանակով: 

Leave a Comment