Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ։
Իր ուղերձում վարչապետը մասնավորապես նշել է.
«Խոր վշտով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Պավելի Սիմոնյանի մահվան մասին։
Լինելով ականավոր ֆուտբոլիստ և մարզիչ՝ նա իր անունը ոսկե տառերով է գրել հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Հենց նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և 1973 ու 1975 թվականների գավաթակիր՝ բոլոր հայերին պարգևելով հպարտության անմոռանալի զգացում»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Սիմոնյանի ձեռքբերումները, պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը ֆուտբոլին ոգեշնչման աղբյուր կդառնան բազմաթիվ սերունդների համար։ Վարչապետը խնդրել է հայ ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցության ու զորակցության խոսքեր փոխանցել Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին և մերձավորներին։
Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկան հասակում։ Նա Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։ «Սպարտակի» կազմում Սիմոնյանը դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1952, 1953, 1956, 1958) և կրկնակի գավաթակիր (1950, 1958)։
Որպես գլխավոր մարզիչ՝ Սիմոնյանը թիմին երկու անգամ հասցրել է ԽՍՀՄ չեմպիոնության (1962, 1969) և երեք անգամ նվաճել ԽՍՀՄ գավաթը (1963, 1965, 1971)։