Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը քննարկման է ներկայացրել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում առաջարկվող լրացումները:
Նա նշել է, որ ներկայում օտարերկրացի քաղաքացու՝ ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցով կատարած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը եւ վարչական ակտը համապատասխանաբար ուղարկվում են Սահմանապահ ծառայություն, եւ նա, սահմանի վրա ստանալով ծանուցումը, կատարում է իր պարտավորությունը մեր երկրի նկատմամբ:
Փոխնախարարի խոսքով խնդիր է առաջանում այն դեպքում, երբ օտարերկրացին նման խախտում է կատարում Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցով՝ շատ հաճախ վարձույթով տրվող մեքենաների օգտագործման ժամանակ: Այս պարագայում խախտման մասին նախ ծանուցվում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ վերջինիս կողմից իրավախախտումն օտարերկրացու կողմից կատարված լինելու փաստն ապացուցելու դեպքում՝ կայացված վարչական ակտը վերահասցեագրվում է օտարերկրացուն, ում ծանուցումն էլ իրականացվում է իր՝ այլ պետությունում ունեցած հաշվառման վայրով՝ վարչական ակտն առաքելու եղանակով:
Նախարարի խոսքով այդ պարագայում պետական բյուջեից տարեկան կտրվածքով կատարվում է մոտ 90 մլն դրամի ծախս: Խնդրի լուծման նպատակով գործադիրն առաջարկում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները վերաբերելի համարել նաեւ Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցներով օտարերկրացի անձանց կողմից կատարված եւ օրենքով քննության ենթակա գործերով կայացված վարչական ակտերի նկատմամբ:
Հարակից զեկուցող Քրիստինե Պողոսյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված Կառավարության նախաձեռնությանը: Հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 24-ի նիստում: