«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, իրավապաշտպան, փաստաբան, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ համահիմնադիր Զառա Հովհաննիսյանը
– Տիկի՛ն Հովհաննիսյան, խորհրդարանական ընդդիմադիրները պնդում են, որ Լիդյա Մանթաշյանը քաղբանտարկյալ է, իսկ իշխանական պատգամավորները հակադարձում են, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Այս երկու հակադիր պնդումներից ո՞րն է, Ձեր գնահատմամբ, առավել համապատասխանում իրավիճակին։
– Ես երբևէ չեմ առաջնորդվում քաղաքական խմբավորումների շահարկումներով և այդ պնդումներից որևէ մեկի հետ համակարծիք լինել չեմ կարող, քանի որ քաղբանտարկյա՞լ է անձը, թե՞ ոչ՝ որոշվում է ոչ թե ընդդիմության կամ իշխանության ճաշակին համապատասխան, այլ՝ մարդու իրավունքների հստակ ձևակերպված չափանիշներավ։
Եթե գործում կա ընտրովի արդարադատություն, անհամաչափ պատժի կիրառում, անձը այլ անձանց համեմատ խտրական կերպով է ազատազրկվել, կամ ազատազրկումը հետևանք է հստակորեն անարդար դատավարության, ինչը առերևույթ կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ, իրավապաշտպանական մոտեցումը հստակորեն կարող է ձևակերպել, որ անձը քաղբանտարկյալ է, անկախ նրանից, թե դա ում է դուր գալիս, ում՝ ոչ։
Իրավապաշտպանի համար կա երկու ելակետ՝ փաստ և իրավունք։ Լիդյա Մանթաշյանի դեպքը պետք է գնահատել հենց այս չափանիշներով, և քանի դեռ գործը դատաքննության փուլում է, և չունենք դատավճիռ, մենք կարող ենք խոսել անձին կալանքի տակ պահելու և փաստացի նրան ազատությունից զրկելու որոշման ոչ բավարար հիմնավորվածության և այլոց նկատմամբ առավել անբարենպաստ պայմաններում հայտնվելու վերաբերյալ։
Այս պահին ունենք փաստեր, ըստ որոնց Լիդյա Մանթաշյանը միակ կինն է, որն անցնում է «Սրբազան պայքարի» գործով, միաժամանակ, այդ գործով անցնող մի խումբ տղամարդկանց խափանման միջոցները կալանքից փոխվել են տնային կալանքի կամ վարչական հսկողության, ինչը չի գործել միակ կնոջ դեպքում։ Սա հստակորեն այլոց նկատմամբ նրան դնում է խտրական վիճակում և առաջացնում որոշակի ազդակներ, որ կինը ենթարկվում է քաղաքական ճնշումների և հետապնդման։
-Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ եթե Հայաստանում քաղբանտարկյալներ լինեին, միջազգային կառույցները համապատասխան արձագանք կտային։ Այս փաստարկը բավարա՞ր եք համարում։
– Միջազգային արձագանքի բացակայությունը երբևէ չի կարող վկայել այն մասին, որ խախտումներ չկան։ Միջազգային կազմակերպությունները սովորաբար արձագանքում են, երբ կա համակարգային, երկարատև և բազմաշերտ փաստագրում։
Մեկ դեպքով, մեկ գործով կամ նույնիսկ մի քանի գործով պարտադիր չէ, որ արձագանքը անմիջապես հնչի։ Այդ ինստիտուտները չեն աշխատում Ֆեյսբուքի արագությամբ, սպասում են դատաիրավական համակարգի վերաբերյալ բազմաշերտ զեկույցների, որոնց հիմքում կարող են լինել արդեն բոլոր դատական ատյաններով անցած գործեր և համակարգային խնդիրներ արձանագրող փաստեր։
Եթե մենք երկրում չունենք անկախ զեկույցներ, եթե գործերը թափանցիկ չեն, եթե իրավապաշտպանների մուտքը գործերին սահմանափակ է, ապա ինչպե՞ս են միջազգային կառույցները արձագանքելու։
Սակայն, «եթե միջազգային արձագանք չկա, ուրեմն քաղբանտարկյալ էլ չկա» պարզունակ տրամաբանությունը շատ վտանգավոր է և, ի վերջո, հանգեցնելու է վատ զարգացումների։ Եթե այդպես լիներ, աշխարհում ոչ մի ավտորիտար ռեժիմ երբեք քաղբանտարկյալ չէր ունենա, քանի դեռ միջազգային հանրությունը չարձանագրեր, մենք բոլորս էլ գիտենք, որ փաստերը չեն անհետանում՝ սպասելով արձագանքի։
Իրավապաշտպանների գործը ոչ թե միջազգային արձագանքը կանխատեսելն է, այլ՝ խախտումներն արձանագրելը և դրանց մասին փաստարկված խոսելը։ Եվ եթե կա ընտրովի արդարադատության նույնիսկ փոքրիկ ռիսկ, ապա դա պետք է գնահատել երկրի ներսում՝ անկախ նրանից, թե միջազգային կառույցները երբ ու ինչպես կարձագանքեն։
– Եթե Հայաստանում քաղբանտարկյալներ կան, ապա ինչո՞ւ չկա արձագանք միջազգային կառույցներից։ Ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային կառույցների արձագանքն այսպիսի դեպքերում։
– Մենք հստակ պետք է պատկերացնենք և որևէ կերպ կախված չլինենք միջազգային արձագանքից։ Միջազգային արձագանքը երբեք չի աշխատել արագ արձագանքման ռեժիմով, միջազգային կառույցները արձագանքում են համակարգային խնդիրներին՝ հիմնված երկարատև դիտարկումների և փաստերի համադրման վրա։ Մեկ կամ երկու դեպքով միջազգային կառույցները չեն շտապում հայտարարություններ անել։ Նրանք նաև ինչ-որ առումով օգտվում և հղում են կատարում տեղական անկախ աղբյուրներին։
Երկրորդ և կարևոր հանգամանքն այն է, որ միջազգային կառույցները միշտ ուշացումով են արձագանքում։ Որպես օրինակ կարող եմ բերել Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, որտեղ ուշ արձագանքումը հանգեցրեց համատարած խախտումների և ռեժիմների կոշտացման։
Մենք նաև պետք է հասկանանք, որ աշխարհաքաղաքական ծանրաբեռնվածության միջավայրում միջազգային կառույցների արձագանքն ավելի զգուշավոր է, նրանք խուսափում են ներքաշվել ներքաղաքական կոշտ բևեռացումների մեջ, երբ համաշխարհային մակարդակում բևեռացումները հակամարտությունների աջախներ են բացել։
Բայց, դարձյալ ընդգծում եմ, արձագանքի բացակայությունը չի բացառում խախտումները, այն միայն ցույց է տալիս, որ միջազգային կառույցները դեռ չունեն ամբողջական պատկեր։ Միջազգային արձագանքի բացակայությունը փաստ չէ։
Իրավունքի խախտումը կարող է լինել նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհը դեռևս լուռ է, դեռ չի հասցրել բացել աչքերը։ Իրավապաշտպանությունը չի սպասում արձագանքի, այն արձանագրում է խախտումն անմիջապես, երբ այն տեղի է ունենում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am