Մահացել է Նիկիտա Սիմոնյանը․ ՀՖՖ նախագահը ցավակցական ուղերձ է հղել

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը։ Матч ТВ-ն հայտնում է, որ օլիմպիական չեմպիոնն ու «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն 99 տարեկան էր։

Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը «Մատչ TV»-ին ասել է. «Նիկիտա Պավլովիչը նոյեմբերի 20-ին իրեն վատ էր զգացել և հոսպիտալացվել էր։ Նա այսօր մահացավ»։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ցավակցական ուղերձ է հղել հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մահվան  կապակցությամբ:

«Խորին ցավով տեղեկացանք լեգենդար մարզիչ և ֆուտբոլի մեծ աստղ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին։

Նրա անունը տասնամյակներ շարունակ մեզ համար ֆուտբոլ խաղի հոմանիշ էր։ Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է, փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ և պաշտոնյա՝ իր անունը ոսկե տառերով գրելով հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Հայ երկրպագուներին իր առաջնորդությամբ նա պարգևել է «Արարատ-73»-ի հաղթանակները՝ դառնալով մի ամբողջ ժողովրդի հպարտություն։

Հատկապես հիացմունքի է արժանի այն, որ Նիկիտա Սիմոնյանը մինչև կյանքի վերջին օրերը ներգրավված է եղել ֆուտբոլային առօրյայում, աշխատել  և նվիրվել է խաղին՝ մշտապես ի ցույց դնելով իր ապշեցուցիչ համեստությունը և ոգու կորովը։

Նիկիտա Սիմոնյանի ֆուտբոլային ժառանգությունը և անձնային հատկանիշները կմնան մշտական օրինակ մարզական ու մարդկային ամենաբարձր արժեքների:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հայաստանյան ֆուտբոլային ընտանիքի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կապված էին նրա անվան ու գործի հետ»։

 

Leave a Comment