Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամի վերակազմավորելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով էական փոփոխություններ են կատարվում երկրի գլխավոր գիտական կազմակերպության կառուցվածքում և կառավարման համակարգում։
Ի՞նչ խնդիրներ է լուծում վերակազմավորումը
2025 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված և հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով ուժը կորցրած է ճանաչվել 2011 թվականի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը։ Նոր օրենքով փոփոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպաիրավական ձևը՝ ոչ առևտրային կազմակերպության փոխարեն սահմանվել է հիմնադրամ կազմակերպաիրավական ձևը։
Դրան համապատասխան փոփոխվել են կառավարման համակարգը, լիազորությունները և խնդիրները, ինչը ստեղծում է անհրաժեշտություն կազմակերպության նոր կանոնադրության հաստատման և ժամանակավոր կառավարման մարմինների ձևավորման՝ մինչև օրենքին և կանոնադրության համապատասխան նոր կառավարման մարմինների ձևավորումը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի կազմակերպության գործունեությունը գործող նորմատիվ իրավական ակտերի շրջանակում։
Ինչպե՞ս կվերակազմավորվի Ակադեմիան
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 264.212.89187, գրանցված՝ 2012 թվականի ապրիլի 14-ին) վերակազմավորման ձևով վերակազմակերպվելու է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամի։
Հիմնադրամի նոր կանոնադրությունը սահմանում է կազմակերպության գործառույթները, կառուցվածքը և կառավարման կարգը։ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին է սահմանվում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ակադեմիայի նախագահի պաշտոնակատարը
Ակադեմիայի տնօրենի (նախագահի) պաշտոնակատար կնշանակվի Աշոտ Սերոբի Սաղյանը։ Նախագահի պաշտոնակատարը պարտավոր է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Ակադեմիայի պետական գրանցումը օրենսդրությամբ սահմանված կարգով։
Սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպության նախագահությունն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի՝ Ակադեմիայի նախագահության ձևավորումը։
Վերակազմավորվող կազմակերպությունները
Հիմնարակ գիտական գրադարան՝ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարակ գիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համար՝ 264.210.06084, գրանցված՝ 2002 թվականի դեկտեմբերի 30-ին) վերակազմավորման ձևով վերակազմակերպվելու է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամի հիմնարկի։
Գրադարանը վերակազմավորմամբ դառնում է Ակադեմիայի իրավասության ներքո գործող հիմնարկ, և նրան է անցնում վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքը, գույքային իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտով։ Հիմնարկի իրավական վիճակը, գործառույթները և կառավարման կարգը սահմանվում են հիմնադրամի կանոնադրությամբ և իրավական ակտերով։
«Գիտություն» հրատարակչատուն՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչական-արտադրական պետական փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համար՝ 264.140.02061, գրանցված՝ 1995 թվականի նոյեմբերի 9-ին) վերակազմավորմամբ միացման ձևով միացվելու է Ակադեմիային՝ դադարեցնելով ընկերության գործունեությունը որպես առանձին իրավաբանական անձ։
Դրա հիման վրա ստեղծվելու է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամի կառուցվածքային ստորաբաժանում՝ «Գիտություն» հրատարակչատուն» անվամբ։ Ստորաբաժանումը գործելու է առանց առանձին իրավաբանական անձի կարգավիճակի՝ հիմնադրամի կանոնադրությամբ ու նրա հաստատած ներքին ակտերով։
Գույքի փոխանցում և իրավահաջորդություն
Ոչ առևտրային կազմակերպությանը և հիմնարակ գիտական գրադարանին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը հետ վերցվելու է և հանձնվելու է պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը՝ այն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամին։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը պարտավոր է վերակազմավորման գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր։ Պայմանագրում նախատեսվելու է դրույթ այն մասին, որ այն կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին։
Սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամը հանդիսանում է ոչ առևտրային կազմակերպության, հիմնարակ գիտական գրադարանի և «Գիտություն» հրատարակչական-արտադրական ընկերության իրավահաջորդը և նրան է անցնում վերակազմակերպված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան։
Ժամկետները և փուլերը
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պարտավոր է ապահովել վերակազմավորվող կազմակերպություններին սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը և հաստատել գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների փոխանցման ակտերը։
Եռամսյա ժամկետում պարտավոր է ապահովել վերակազմավորվող կազմակերպություններին սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի հիմնադրամին փոխանցման՝ հանձնման-ընդունման գործընթացը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում պարտավոր է ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի՝ Ակադեմիայի նախագահության անհատական կազմը։
Ուժը կորցնող իրավական ակտեր
Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվելու Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի N 477 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 815-Ն որոշումը։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումներին առնչվող դրույթներից և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի պահանջներից։ Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում- տեղեկացնում է Iravaban.net-ը։