Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրը նշանավորվեց մի արդյունքով, որն ավելի բնորոշ է բասկետբոլին, քան ֆուտզալին։ Գործող չեմպիոն «Երևանը» ոչ թե պարզապես հաղթեց, այլ բառի բուն իմաստով ասպարեզից սրբեց մրցաշրջանի նորեկ «Ալաշկերտին»՝ գրանցելով 98:1 հաշիվը։
Հանդիպման ավարտից հետո իրարանցում առաջացավ նաև մեդիա դաշտում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) սկզբում շտապեց հայտարարել, որ գրանցված արդյունքը համաշխարհային ռեկորդ է։ Սակայն, կարճ ժամանակ անց հրապարակումը հեռացվեց պաշտոնական էջերից։
Պրոֆեսիոնալ սպորտի հիմքում ընկած է մրցակցությունը։ Հաղթանակը արժեք ունի միայն այն դեպքում, երբ այն ձեռք է բերվում պայքարում։ Երբ մի թիմը մյուսին հաղթում է նման տարբերությամբ, դա դադարում է խաղ լինելուց և դառնում է պարզապես վիճակագրական ֆարս։ Նման հաշիվները չեն օգնում ո՛չ հաղթողին, ո՛չ պարտվողին։ Հաղթողը չի աճում, որովհետև դիմադրություն չկա, իսկ պարտվողը պարզապես հոգեբանորեն կոտրվում է։
Բարձրագույն խմբի նորեկն ընթացիկ մրցաշրջանում դեռ չի հաղթել ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Երևանը» տոնեց 2-րդ հաղթանակը: