![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրությունները անցել են ազատ և արդար, ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան:
«Ինչպես Ալեն Սիմոնյանն է հումորով նկատել, միակ խախտումն այն է եղել, որ Արգիշտի Մեխակյանը ճանապարհն անցել է անթույլատրելի հատվածով»,- ասում է նա:
Վերջինս չի կարծում, թե այս ընտրությունները ամբողջությամբ արտացոլում են 2026 թվականի ընտրությունների ելքը: Ըստ Խաչատրյանի՝ 2026-ին շատ ավելի բարձր ցուցանիշ կունենան, քան Վաղարշապատում:
Խաչատրյանն ընդգծում է՝ այս ընտրությունների արդյունքներով նաև դրսևորվում է ժողովրդի վերաբերմունքը եկեղեցու հետ կապված հարցերում. «Եթե ժողովուրդը համերաշխ չլիներ, որ սրբություն սրբոցը պետք է ազատագրվի, ՔՊ-ի թեկնածուն շանս չէր ունենա հաղթելու: Նրա՝ որպես կաթողիկոս ընտրվելու արդյունքները առոչինչ են, քանի որ չի պահել կուսակրոնության ուխտը: Հիմա հանդուրժե՞նք սա, ո՞նց կարող ենք, հանդուրժելը մեծագույն մեղք է»:
Պատգամավորը չի կարծում, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ցանկանում է հեռանալ, սակայն թույլ չեն տալիս:
«Շատ լուրջ եմ վերաբերվում տեղեկություններին, որ Կտրիճ Ներսիսյանը և նրա եղբայրը ԿԳԲ-ի գործակալ են: Եթե շքանշաններով են պարգևատրվում, նշանակում է՝ հատուկ ծառայություններն աշխատում են»,- ասում է զրուցակիցը:
Խոսելով Զինված ուժերը արդիականացնելու մասին՝ իշխող ուժի անդամը նշում է՝ Հայաստանը մի շարք երկրներից զենք է գնել, ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր կան:
«Այլևս անցել են այն ժամանակները, որ մենք կախված լինենք մի երկրից, որը օգտագործած մի բան կտար, կամ չէր տա: Այսօր որ երկրից ուզում ենք, գնում ենք: 2023 թվականին կես միլիարդ դոլարի պատվեր ենք իջեցրել տեղական ռազմարդյունաբերողներին, դրանք նաև փորձելու ենք արտահանել: Աննախադեպ թռիչքային հաջողություններ ունենք: Շատերը զարմանում են, թե ինչպես է հնարավոր նման կարճ ժամանակում այսպիսի ձեռքբերումներ ունենալ»,- նկատում է Խաչատրյանը:
Ըստ պատգամավորի՝ խաղաղությունը երկու բաղադրիչ ունի՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորում, սեփական երկիրը պաշտպանելու իրավունք: Վերջինս այն համոզմանն է, որ սրանցից մեկը չեղավ՝ խաղաղություն չի լինի. «Մեր բանակն այսօր աննախադեպ հնարավորություններ ունի, նպատակը մեր տարածքային ամբողջականության պահպանումն է»:
Ինչ վերաբերում է բանակը 1,5 տարի դարձնելուն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասում է՝ հանրությունը դրական է գնահատում այս որոշումը. «Խաղաղ պայմաններում մեզ պետք չէ, որ խրամատում մի քանի հազար զորք կանգնի»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ