«Սրբազան պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու դատարանի որոշումից հետո 44-օրյայի մասնակից Արման Պետրոսյանը հայտարարել է նստացույց սկսելու մասին․
«Երկուշաբթի՝ առավոտյան 10:00-ից, ես նստացույց եմ սկսում Լիդյա Մանթաշյանի ազատ արձակման պահանջով։
Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ Հայաստանի միակ կին քաղբանտարկյալը գտնվում է անօրինական և քաղաքականորեն խեղաթյուրված մեղադրանքի տակ։ Լիդյան կալանավորվել է «ահաբեկչություն պատրաստելու» ծայրահեղ ծանր, բայց կեղծ ու անհեթեթ հոդվածով, որը ոչ մի իրական ապացույց չունի։
Միայն մի բան ունի՝ քաղաքական վենդետա։
Երբ մեր պետությունում բանտարկված կինը ոչ թե հանցագործ է, այլ քաղաքական համոզմունքների համար հետապնդվող քաղաքացի, դա արդեն ոչ միայն անարդարություն է, այլև ազգային ամոթ։
Լիդյան այսօր մենակ է՝ երկաթյա ճաղերի հետևում։
Մենակ՝ առանց տեսակցությունների, առանց ձայնի, առանց պաշտպանվելու իրական հնարավորության։
Բայց մեր միջից յուրաքանչյուրն ունի մեկ պարտք՝ չթողնել, որ մեր երկրի միակ կին քաղբանտարկյալը մնա մոռացված։
Ես նստացույց եմ սկսում նրա համար, որ մարդիկ տեսնեն ու չլռեն։
Որպեսզի իշխանությունը լսի ու վախենա։
Որպեսզի Լիդյան զգա, որ դուրսը կան մարդիկ, որոնք իր համար կանգնում են, կանգնում են բարձր ու անխոնջ։
Մեր պահանջը պարզ է՝ ազատ արձակել Հայաստանի միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանին։
Երկուշաբթի՝ 10:00-ից ես կլինեմ Արդարադատության նախարարության դիմաց։
Եվ սպասում եմ բոլոր նրանց, ովքեր դեռ հավատում են արդարությանը, ովքեր չեն վախենում կանգնել ճնշվածի կողքին, ովքեր հասկանում են, որ այսօր Լիդյան է բանտում, իսկ վաղը կարող է լինել ցանկացածը մեզնից։
Լիդյայի ազատությունն այսօր մեր երկրի արժանապատվության չափումն է»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Երեկ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 աջակիցների գործով հերթական դատը, որի ընթացքում որոշվել է, որ «Սրբազան պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք, որ 44-օրյայի մասնակից Արման Պետրոսյանն ու ևս մի քանի մասնակից վերադարձրել էին իրենց մեդալները կառավարությանը՝ պատերազմի համար պատասխանատու համարելով ներկայիս իշխանություններին։