Անօրինական թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացնելիս Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում ձերբակալեցին Երևանի Գայի փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխեցին բաժին: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով մեկ փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածով: Երիտասարդը հայտնեց, որ «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք է բերել նման 20 փաթեթ` դրանք տեղադրելու նպատակով:
Դրանցից երկուսն արդեն տեղադրել է Երևանում, 14-ը` Վաղարշապատում, երեքն էլ` Արմավիր քաղաքում:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ երիտասարդի տեղադրած փաթեթները հայտնաբերվեցին:
Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև երիտասարդի ավտոմեքենան. հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով լցված ևս 9 փաթեթ:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: