«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայ առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված քաղաքական ճնշումները ամեն օր նոր ձև և բովանդակություն են ստանում։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների՝ իշխանությունը համակարգված ձևով փորձում է գտնել եկեղեցու ներսում ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են համագործակցել իշխանության հետ և, անհրաժեշտության դեպքում, ներսից դեմ դուրս գալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
Նույն աղբյուրների պնդմամբ՝ վարչապետ Փաշինյանին արդեն հաջողվել է հասնել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի լոյալությանը, և քննարկվում է առաջիկայում եպիսկոպոսաց ժողով հրավիրելու հարցը, որտեղ նպատակ կա փակ ձևաչափով բարձրացնել նաև կաթողիկոսի թեման։
Սակայն, որպեսզի գործընթացը արտաքինից երևա «օրինական» և «տրամաբանական», առաջին փուլով նախատեսվում է քննության առնել այն եպիսկոպոսների ու հոգևորականների հարցը, որոնց հասցեին ներսում հնչել կամ հնչում են կուսակրոնության կանոնները խախտելու, անձնական կյանքի վերաբերյալ կասկածներ։ Մի քանի հոգևորականներ արդեն հայտնվել են այս թիրախում, և, ինչպես վստահեցնում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հենց եկեղեցու ներսից են փորձելու նախաձեռնություն առաջ քաշել՝ նրանց ծառայությունը կասեցնելու օրակարգով։
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է հետևել այս գործընթացներին՝ արձանագրելով, թե ինչպես է պետական իշխանության և եկեղեցու լարված հարաբերությունը քայլ առ քայլ տեղափոխվում գաղտնի բանակցություններից դեպի բաց ներեկեղեցական ճգնաժամի վտանգ»։