Կոկորդիլոս բուծելու գիտակ Գարիկ Սարգսյանի նախագահությամբ՝ Վեդու ավագանին միաձայն կողմ քվեարկեց Կարմիր սարի կրաքարային մերգելների հանքի արդյունահանման նախագծին։ Ծրագիրը նախատեսում է նաև ցեմենտի գործարանի կառուցում։
Ինչո՞ւ է ՔՊ-ն վնասում բնությունը։
Բնապահպանների պնդմամբ՝ ՇՄ նախարարությունը եզրակացություն է տվել, որ այդ հատվածում կարմիր գրքային բույսեր կան։ Գյուղի բնակիչները ևս հաստատում են, որ այդ տարածքներում էնդեմիկ բույսեր կան։ Հանքի շահագործումը, բնապահպաների կարծիքով՝ վնասելու է նաև գյուղատնտեսությանը, շրջակայքում մշակվող գյուղատնտեսական արտադրանքի որակն է ընկնելու։
Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ 2018-ի հեղափոխությունից հետո գործարարների նոր սերունդ է աճել, որոնք սերտ հարաբերություն ունեն իշխանությունների հետ։ Աճող գործարարների ներդումները մեծ մասամբ կարճաժամկետ ռիսկայնություն ունեն։ Այսինքն՝ նախապատվություն է տրվում այն ներդրումներին, որոնք կարճ ժամանակ անց շահութաբերություն են ապահովում։ Հանքն այդպիսի արագ շահութաբերություն է ապահովում։
Հաջորդ ենթադրյալ պատճառը կրթության օբյեկտիվ պակասն է։ Ընտանիքի, սոցիումի, բնության, աշխարհի, Աստծո հետ ներդաշնակությունն անձնական աճի ցուցիչ է։ Բայց ներդաշնակության դասընթաց չեն անցնում կրթօջախներում։ Բնության հանդեպ հոգատարություն, սեր չի սերմանվում համակարգված դասընթացով։ Հաշվի առնելով այն, որ ՔՊ-ն ժողովրդին բաժանում է հատվածների, ատելության խոսույթ զարգացնում, ապա ենթադրելի է, որ իշխանություններն ատում են նաև բնությունը, մարդկանց հանում են նաև բնության դեմ։
Բնապահպանության մակարդակը նաև երջանկության ցուցիչ է։ Համախառն ներքին երջանկության ինդեքսը որոշելու բաղադրիչ է բնության հանդեպ պետության ու ժողովրդի վերաբերմունքը։ Երջանիկ երկրները հոգատար են շրջակա միջավայրի նկատմամբ, իսկ դժբախտ ազգերն անխնա փչացնում, թունավորում, ոչնչացնում են բնությունը։ Կարմիր սարն արդյունահանելը տպավորություն է ստեղծում, թե հայ ազգը չի պահպանում բնությունը, հետևապես՝ դժբախտ է, ՔՊ-ական իշխանությունները նման որոշումներով նպաստում են դժբախտության խորացմանը։
Իշխանության ներկայացուցիչները սկզբունքային դիրքորոշում չունեն բնապահպանության վերաբերյալ։ Օրինակ՝ ՀՀ իշխանությունները մի ժամանակ կատեգորիկ դեմ էին և խոչընդոտում էին Ամուլսարի շահագործմանը, իսկ 12,5 տոկոս բաժնեմաս ստանալուց հետո կանաչ լույս վառեցին։ Ենթադրելի է, որ ՔՊ-ականները շահ կամ ակնկալիք ունեն նաև Կարմիր սարի կրաքարային մերգելների հանքի արդյունահանման պարագայում։
Ի վերջո՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը ևս բնապահպանությունը առաջնահերթություն չեն դիտարկում։ Այս անտարբերությունից օգտվում է ՔՊ-ն ու անխչընդոտ թույլ է տալիս արդյունահել Կարմիր սարը, վնասել բնությունը, գյուղացիների ստեղծած բարիքը։
Կարճ ասած՝ ՔՊ-ական իշխանությունները Կարմիր սարի մասին որոշմամբ ցույց տվեցին, որ առանձնապես չեն տարբերվում հետամնաց, հակաժողովրդական, դժբախտ վարչախմբերից, որոնք անխնա ուտում են սարերն ու ոչնչացնում բնությունը։
Թաթուլ Մկրտչյան