Երևանում՝ Գլխավոր դատախազության դիմաց, ընդդիմությունը ակցիա և երթ է անցկացրել՝ պահանջելով ազատել ՀՀ քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն ՀՀ-ում կալանավորված բոլոր քաղբանտարկյալների:

Զուգահեռաբար դատարանը քննում էր «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործը: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Գալստանյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին:

Ցուցարարները պահել են կալանավորվածների նկարները՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրություններով։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծ։ Այն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում կքննարկվի վաղը՝ նոյեմբերի 21-ին, իսկ 26-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներ են հրավիրել՝ ներգրավելով նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին ու գլխավոր դատախազին:

Նույն դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին հայտնել է, որ «Սրբազան պայքար»-ի գործով իրեն հարցաքննել են, սակայն այլ մանրամասներով չի կիսվել։

«Հայաստանում 40-ից ավելի քաղբանտարկյալ կա, և յուրաքանչյուր րոպե այդ մարդկանց թիվն ավելանում է։ Ինչպե՞ս են այս իշխանությունները հայտարարում, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան։ Բարերար Սամվել Կարապետյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ, սրբազան հայրերը քաղբանտարկյա՞լ են, թե՞ ոչ։ Հայաստանը դարձել է «ժուչոկապետություն»։ Իրենք լավ մոնտաժնիկներ են»,- նշել է պատգամավորը։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ նշված անձանց նկատմամբ դատաիրավական համակարգի գործելաոճը նրանց լռեցնելու, նրանց քաղաքական հայացքները խլացնելու նպատակով են։

«Ժամանակ առ ժամանակ հասնում ենք տնային կալանքի, որը փոքրիկ հաղթանակ ենք համարում, սակայն ցանկացած սահմանափակում ևս ազատազրկում է»,- շեշտել է նա։

Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Հայաստանի գլխավոր դատախազության շենքից դեպի Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ քննվում է «Սրբազան պայքար» շարժման անդամների դատավարությունը։

Leave a Comment