Քաղաքականություն
20.11.2025 | 17:15
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Շալվա Պապուաշվիլին ողջունել է ՀՀ նախագահի երկրորդ այցը Վրաստանի խորհրդարան և նշել, որ հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջև ինտենսիվ համագործակցության և Հարավային Կովկասի տարածաշրջանում դրական դինամիկայի ֆոնին։
Հանդիպման ընթացքում կարևորվել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք հաստատում են Վրաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամությունը։
Պապուաշվիլին նշել է, որ փոփոխվող աշխարհում, որտեղ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, Վրաստանն ու Հայաստանն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
ՀՀ նախագահն էլ ասել է, որ արտաքին ուժերի ազդեցության պայմաններում երկրները պետք է կարողանան պաշտպանել իրենց ազգային շահերը և օգտագործել ստեղծված իրավիճակը՝ դրական արդյունքների հասնելու համար։ Նա ընդգծել է Վրաստանի և Հայաստանի միջև ամուր բարեկամությունը ապագա սերունդներին փոխանցելու կարևորությունը։
Կողմերը նշել են, որ երկու երկրներն էլ լավ գիտակցում են խաղաղության արժեքը և, համապատասխանաբար, դրա պահպանմանը վերաբերվում են հատուկ պատասխանատվությամբ։ Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում դրական դինամիկան։ Կողմերը նաև նշել են ընդհանուր դիրքորոշումը, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը, որտեղ երեք երկրները սերտորեն համագործակցում են, կդառնա ավելի գրավիչ և կբերի բազմաթիվ տնտեսական հնարավորություններ։ Ընդգծվել է, որ քաղաքական կայունությունը կհանդիսանա տնտեսական աճի հիմքը։ Կողմերն ընդգծել են եռակողմ համագործակցության ձևաչափերի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ, ընդգծվել է Միջին միջանցքի կարևորությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի