Ռոբերտ Լևանդովսկին աչքի է ընկնում իր անսահման փառասիրությամբ, որը դրսևորվում է ոչ միայն խաղադաշտում, այլև դրա սահմաններից դուրս։ Ըստ Tribuna.com-ի՝ լրագրող Սեբաստիան Ստաշևսկին Բոգդան Ռիմանովսկուն տված հարցազրույցում պնդել է, որ լեհ ֆուտբոլիստը պատրաստ է անգամ ազդել ակումբի ղեկավարության վրա՝ մարզչին փոխելու համար, եթե դա իրեն ձեռնտու է։
«Դա խելահեղություն է, հաղթելու խորը ցանկություն, որը ստիպում է Ռոբերտին իր կյանքում կիրառել շատ պարզ բաժանում․ նրանք, ովքեր օգնում են իրեն հաջողության հասնել, ընկերներ են, իսկ նրանք, ովքեր խանգարում են՝ թշնամիներ։ Եթե մարզիչը դեմ է գնում նրա համոզմունքներին, Ռոբերտը սովորաբար կարծում է, որ ճիշտը ինքն է»,- նշում է լրագրողը։
Ստաշևսկին բացահայտել է, որ Լևանդովսկին և մի քանի այլ խաղացողներ ժամանակին դիմել են Կառլ-Հայնց Ռումենիգեին՝ բողոքելու Հանսի Ֆլիկից, ինչպես նաև, հնարավոր է, վճռորոշ դեր են խաղացել Կառլո Անչելոտիի պաշտոնանկության հարցում։
«Նրան, ի թիվս այլ բաների, դուր չէր գալիս, որ Անչելոտիի օգնականը ծխում էր մարզումների ժամանակ, և որ պարապմունքների ինտենսիվությունը չափազանց ցածր էր»,- հավելել է նա։
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև «Բարսելոնայում»՝ Չավիի օրոք։ Լեհ հարձակվողը համարել է, որ թիմը բավարար արդյունք չի ցուցաբերում իսպանացի մասնագետի գլխավորությամբ և նպաստել է նրա հեռանալուն։ Լևանդովսկին նաև տեղյակ է եղել, որ Չավին Լապորտայից պահանջել էր վաճառել իր տրանսֆերը։
«Չավին գիտեր, որ Լևանդովսկին հանդերձարանում դարձել է իր մրցակիցը։ Բայց կյանքը ցույց տվեց, որ հեռացողը Չավին էր։ Եկավ Ֆլիկը, և հանկարծ Ռոբերտը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց։ Երբ խոսքը հաղթելու մասին է, Լևանդովսկին անողոք է»,- եզրափակել է Ստաշևսկին։
Նույն լրագրողը Լևանդովսկիի կենսագրական գրքում պատմում է մեկ այլ ուշագրավ դրվագի մասին։ Նա պնդում է, որ «Բարսելոնայում» կայացած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև նախագահ Ժոան Լապորտան, ֆուտբոլիստին խնդրել են դադարեցնել գոլեր խփելը։ Պատճառը տնտեսական էր. ակումբը պետք է «Բավարիային» վճարեր 2,5 միլիոն եվրո բոնուս, եթե լեհ հարձակվողը հասներ 25 գոլի սահմանագծին։ Քանի որ չեմպիոնական տիտղոսն արդեն ապահովված էր, «Բարսան» նախընտրել է խնայել գումարը։