«Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան Cadena SER-ի «El Larguero» ծրագրի եթերում կիսվել է իր մտքերով Լիոնել Մեսսիի և Լամին Յամալի համեմատության, իր կարիերայի ավարտի և «Բարսելոնայի» շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը հստակ դիրքորոշում ունի երկու խաղացողների համեմատության հարցում․
«Լամինին Լեոյի հետ համեմատելն անհնար է։ Իմ կարծիքով՝ Մեսսին մրցակից չունի»։
Ալբան բարձր է գնահատել Հանսի Ֆլիկի կառուցած թիմը՝ նշելով, որ բացի Յամալից, կան նաև այլ կարևոր խաղացողներ, ինչպիսիք են Դե Յոնգն ու Պեդրին, թեև ընդգծել է, որ «Լամինը հրաշալի ֆուտբոլիստ է»։
Անդրադառնալով Spotify Camp Nou-ում Մեսսիի հայտնվելուն (լուսանկարին), Ալբան հումորով պատասխանել է.
«Մենք բոլորս էլ մարզադաշտի բանալին ունենք, հատկապես նրանք, ովքեր երկար տարիներ խաղացել են այնտեղ»։
Խոսելով արգենտինացու՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին, նա նշել է․
«Ես չեմ խոսել Մեսսիի հետ «Բարսայից» հեռանալու մասին։ Ենթադրում եմ, որ հեռանալու ձևը լավագույնը չէր կամ այնպիսին չէր, ինչպիսին նա կցանկանար։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ ի վերջո մեծարման երեկո կկազմակերպվի, եթե Լեոն ցանկանա։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա, դա շատ գեղեցիկ տոն կլինի»։
Իսկ մարզադաշտը Մեսսիի անունով վերանվանելու գաղափարին Ալբան թերահավատորեն է մոտեցել.
«Չգիտեմ, կցանկանա՞ր արդյոք Մեսսին դա։ Կարծում եմ՝ «Կամպ Նոու» անվանումը լավ է»։
Ալբան խոսել է նաև տարեվերջին կարիերան ավարտելու իր որոշման մասին․
«Այն խանդավառությունը, որ ունենում ես 20 տարեկանում, ժամանակի ընթացքում մաշվում է։ Պայմանագրի երկարաձգումը նախատեսված էր, բայց ես խնդիր չունեմ մի կողմ քաշվելու, երբ զգում եմ, որ ճիշտ պահն է»։
Նա նշել է, որ դա, ինչպես Բուսկետսի դեպքում, զուտ անձնական որոշում էր։ Հետհայացք գցելով իր անցած ուղուն՝ ֆուտբոլիստը խոստովանել է.
«Ես գիտեմ՝ ինչ եմ արել իմ կարիերայում, և այն շատ գեղեցիկ էր։ Ես ապահովել եմ որակ, թեև իմ բնավորությունը երբեմն իմ դեմ է աշխատել։ Ատում եմ սուտը, բայց ընդունում եմ քննադատությունը»։
Առաջիկա ընտրությունների վերաբերյալ Ալբան չի ցանկացել ծավալվել՝ նշելով միայն, որ եթե Չավին մասնակցել է Վիկտոր Ֆոնտի միջոցառմանը, ուրեմն պատճառ ունեցել է։ Ինչ վերաբերում է իր դիրքորոշմանը, նա ասել է.
«Չեմ կարծում, որ Լապորտան իմ աջակցության կարիքն ունի»։
Նա նաև հայտնել է, որ չի պատրաստվում ներգրավվել որևէ թեկնածուի քարոզարշավում, քանի որ ցանկանում է վայելել ընտանիքի հետ ժամանակը։ Ալբայի հաջորդ նախագիծը կապված է «Լ’Օսպիտալետ» ակումբի հետ, որը նա ղեկավարելու է Տիագո Ալկանտարայի հետ միասին։