Իմ հոգևոր կյանքը վերականգնվել է, յուրաքանչյուրս շատ մեղքեր ունի, իմ մեղքերը, ենթադրվում է, որ ավելի շատ են. Փաշինյան

«Վաղարշապատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու նրա թեկնածուն հաղթել են, և ցանկացած նման քաղաքական իրադարձություն լիցք է տալիս: Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում իշխանության հաղթանակին և իր այն գրառմանը, որ սա նոր լիցք է տվել այդ թվում Վեհարանն ազատագրելու գործում։

«Ինչ վերաբերում է Մայր Աթոռն ազատագրելու գործընթացին, շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված, բայց սա այն դեպքն է, որ էլի Նոր Կտարականի ձևակերպումը շատ պատեհ է՝«պիտի նայեք, պիտի նայեք և պիտի չտեսնեք». Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ»,-ասաց նա:

Խոսելով Էջմիածնի կենտրոնական հրապարակում հնարավոր հոգևոր հավաքից՝ նա նշեց, որ ամեն կիրակի էլ եկեղեցիներ գնալը հոգևոր հավաք է, Էջմիածնի կենտրոնական հրապարակի գաղափարը դեռ ընթացքի մեջ է.«Դեռ կտեսնենք, նման բաները, որ հայտարարվում են, դա նաև երկխոսություն է հանրության հետ: Այդ գաղափարին հաջորդում են ուրիշ գաղափարներ, ամեն ինչ այդպես կարծրացած չէ, ճկուն պրոցես է, այնպես չէ, որ որևէ որոշմամբ հստակ հաստատել ենք»:

«Հայաստանում հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում, ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգևոր կյանքն այսօր լիարժեք վերականգնվել է, ես ուրախ եմ, որ չեմ գնում որպես վարչապետ, որ նստում են այնտեղ խիստ, փողկապներով, պատվիրակություններով, ես գնում եմ որպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարքային հետևորդ. դա հանրահավաք չէ, պատարագ է: Սա ձև չի , ես շատ բավարարված եմ, որ ամեն շաբաթ կարող եմ գնալ պատարագի, ծնկի գալ և այդ թվում մեղքերի թողություն ստանալ: Մեզնից յուրաքանչյուրը շատ մեղքեր ունի, մարդը մեղավոր է, իմ մեղքերը ենթադրվում է, որ ավելի շատ են, պայմանավորված իմ պատասխանատվության չափով և իմ կարգավիճակի առանձնահատկություններով և իմ կյանքի առանձնահատուկ բովանդակությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment