Ուժեղ և կրթված բանակը երկրի անկախության ու խաղաղության պահպանման հիմնական երաշխիքներից է։ Հետևաբար՝ ռազմական կրթությանը տրված բարձր գնահատականն ու համապատասխան ներդրումների կատարումը ծառայում են ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների անվտանգության ապահովմանը։


«Ռազմական ակադեմիան բաղկացած է երեք՝ ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի և հրամանատարաշտաբային ինստիտուտներից։ Առաջին երկու ինստիտուտները մեր բազային հիմնական ինստիտուտներն են։ Երրորդ՝ հրամանատարաշտաբային ինստիտուտում, իրենց կրթությունը շարունակում են արդեն մեր սպաները։ Գալով այստեղ՝ վերապատրաստվում են, ստանում մագիստրոսի կոչում և ավելի բարձր պաշտոններ։ Դա ապահովում է մեր ամբողջ զինված ուժերի սպայակազմի շարունակական կրթությունը»,- ասում է ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը։
Ժամանակակից կրթական գործընթացն արդյունավետ է դառնում այն դեպքում, երբ կապը պահպանվում է նաև հանրակրթական դպրոցների հետ։ Շատ ակադեմիաներ սկսում են համագործակցել դպրոցների հետ՝ բանակաշինության, առաջնորդության, հայրենասիրական դաստիարակության և մասնագիտական կողմնորոշման ծրագրերի շրջանակում։

«Արդեն 3 տարի է իրականացնում ենք մարզերի ավագ դպրոցների և քոլեջների սովորողների այցը ռազմական ակադեմիա։ Ունենք հստակ ժամանակացույց, ունենք նախարարի հրաման, որի հիման վրա երեխաները հնարավորություն ունեն այցելու ակադեմիա, ծանոթանալու ակադեմիայի կրթական ծրագրերին, սոցիալ-կենցաղային պայմաններին, շփվելու կուրսանտների հետ և ամբողջական պատկերացում կազմելու ռազմական ակադեմիայի գործունեության վերաբերյալ, որից հետո կարողանում են իրենց ապագա մասնագիտության հարցում ընտրություն և որոշում կայացնել»,- ասում է գնդապետ Մանգասարյանը։
Ակադեմիան կարող է մեծ դեր խաղալ ոչ միայն մասնագիտական ընտրության, այլև գրավիչ արժեքային դաստիարակության հարցում։