Կիլիան Մբապեն, լքելով Ֆրանսիայի հավաքականի ճամբարը, Մադրիդ վերադառնալու փոխարեն ուղևորվել է Դուբայ։
Ավելի վաղ «Ռեալի» հարձակվողը աջ կոճի բորբոքման պատճառով բաց էր թողել ԱԱ-2026-ի ընտրական փուլի վերջին՝ Ադրբեջանի դեմ հանդիպումը (3:1): Հիշեցնենք, որ Ֆրանսիան արդեն ապահովել էր առաջնության ուղեգիրը՝ հաղթելով Ուկրաինային (4:0):
Ուրբաթ օրը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել հավաքականի ավագի առողջական վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ կոճի բորբոքումը լրացուցիչ զննման կարիք ունի, և Մբապեն բուժզննում կանցնի Մադրիդում:
Սակայն, ըստ L’Équipe-ի, Instagram-ում հրապարակված ուղեբեռի պիտակները վկայում են, որ շաբաթ առավոտյան ֆուտբոլիստը Փարիզից մեկնել է Դուբայ: Նա մի քանի օր անցկացրել է Atlantis The Royal հյուրանոցում և այցելել Padel One ակումբ, թեև պարզ չէ՝ նա խաղացել է պադել, թե ոչ:
Սպասվում է, որ Մբապեն «Ռեալի» մարզումներին կվերադառնա այսօր կամ ուրբաթ և կլինի մեկնարկային կազմում կիրակի կայանալիք «Էլչեի» դեմ խաղում:
L’Équipe-ը նաև ընդգծում է, որ մադրիդյան ակումբում այժմ ավելի շատ անհանգստացած են Մբապեի հոգեբանական վիճակով՝ կապված ՊՍԺ-ի դեմ ընթացող դատական գործընթացի հետ, քան նրա վնասվածքով կամ Ֆրանսիայում ծավալվող քննարկումներով: