«Հրապարակի» զրուցակիցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է:
– Բոլորովին վերջերս Եվրախորհրդարանի պատգամավորներ էին եկել Հայաստան եւ նշում էին, որ Հայաստանում ժողովրդավարությունը շատ վատ վիճակում է, անթույլատրելի է մարդկանց խոսքի համար կալանավորելն ու ազատազրկելը: Ի՞նչ կասեք Դուք այս մասին:
– Ինձ համար եւս անընդունելի է: Խոսքի համար չի կարելի որեւէ մեկին ենթարկել ճնշումների եւ դեռ մի բան էլ ազատությունից զրկել, բայց եթե խոսքի թիկունքում կա կազմակերպված սցենար, գործողություն, ինչպես նաեւ՝ նյութական պլանավորված գործ, ապա, այո, պետք է կալանավորել, բայց եթե նման քայլեր չեն արվել, անխոս, չի կարելի մարդկանց կալանավորել, դատապարտել: Խոսքի ազատությունը համաշխարհային արժեք է, որը պետք է հարգել: Կա մեկ նրբություն. ատելության քարոզն այլ բան է, նացիզմը եւ այլն:
– Ի՞նչ եք կարծում` որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանից ավելի շա՞տ է Հայաստանում ատելություն քարոզում:
– Օրինակ` ժողովրդավարության դեմ կա ատելության քարոզ: Ժողովրդավարությունը թիրախավորված է. «Մենք, մեր ձեւով»: Ես, օրինակ, չեմ հասկանում, թե դա ինչ է նշանակում: Օրինակ, եթե Դուք ասեք՝ «մենք, մեր ձեւով», ես կհասկանամ, որ խոսքը մամուլի, խոսքի ազատության մասին է, բայց երբ դա ասում է նարկոմանը, ես հասկանում եմ, որ նա կարող է կայֆ բերել: Երբ նույն բանն ասի երաժիշտը, ես կհասկանամ, որ նոտաներ է բերելու: Այսպիսի հարցեր կան:
– Օրինակ, երբ գործարարն ասում է, որ եկեղեցուն, եկեղեցականներին իր ձեւով կպաշտպանի իշխանական բացահայտ հալածանքներից, դա հանցա՞նք է:
– Հոգեւորականների մասին ենք խոսում, որոնք խոսում են ռազմական հեղաշրջման մասին:
– Ասելը քիչ է, չկա գործողություն:
– Հոգեւորականը կոչ էր անում զինված ուժերին՝ զավթել իշխանությունը:
– 2016 թվականին էլ «Սասնա ծռերը» գրոհեցին ՊՊԾ գունդը, անմեղ մարդկանց սպանեցին ու պատանդ վերցրին, սակայն Փաշինյանը նրանց աջակցում էր, արդարացնում էր:
– Ես` ինքս, երբեք չեմ սատարել, չեմ պաշտպանել նրանց: Մենք այդ ժամանակ իրար հետ չէինք: Ես Փաշինյանի բոլոր ծրագրերին չէ, որ աջակցում եմ: Աջակցում եմ բացառապես եվրածրագրին: Այն նշանակում է անվտանգություն եւ զարգացում:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: