Դոնալդ Թրամփը «խոզուկ» է անվանել Bloomberg-ի լրագրողին․ միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել

Air Force One-ում տեղի ունեցած կարճ հարցուպատասխանի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորել է Bloomberg-ի թղթակից Քեթրին Լյուսիին՝ նրա հարցին պատասխանելով «piggy» («խոզուկ») արտահայտությամբ։ Ինչպես հաղորդում է «Գարդիանը», լրագրողը հետաքրքրվել էր Ջեֆրի Էփշտեյնի գործի փաստաթղթերի հնարավոր հրապարակման մասին։

Դեպքը արագ արձագանք է ստացել լրագրողական համայնքում։ CNN-ի վարող Ջեյք Թափփերը խոսքերը որակել է «զզվելի և անընդունելի»։ Bloomberg-ի խոսնակը նշել է, որ իրենց լրագրողները «կատարում են կարևոր հանրային առաքելություն՝ հարցադրումներ ուղղելով առանց վախի»։

Թրամփը նախկինում ևս կնոջ հասցեին նման վիրավորական լեզու էր կիրառել։ Նա «Miss Piggy» («Օրիորդ Խոզուկ») անվամբ վիրավորել էր «Miss Universe»-ի հաղթող Ալիսիա Մաչադոյին։

Լրագրող Էյպրիլ Ռայանը, որը նույնպես մի ժամանակ եղել է Թրամփի հարձակումների թիրախում, «Գարդիանի» հետ զրույցում նշել է, որ նախագահի նման պահվածքը «վայել չէ երկրի ղեկավարին»։

Սպիտակ տունը, սակայն, մեղադրել է հենց լրագրողին՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։

Leave a Comment