Սխա՞լ են հաշվել, «գցվե՞լ են», թե՞ բլեֆ էին արել. ինչո՞ւ ՔՊ-ն 60 տոկոս չհավաքեց

Քաղաքականության մեջ հաշվարկ անելու կարողությունը կիրառվում է քաղաքական կախատեսումներ անելիս, մասնավորապես՝ ընտրությունների արդյունքները կանխատեսելիս։ Այս առումով՝ ուշագրավ հատարարություն է արել ՔՊ-ական հին գործիչ, կոկորդիլոս բուծելու ծրագրի ջատագով Գարիկ Սարգսյանը։

«Մենք ավելի բարձր արդյունք էինք սպասում, 60 տոկոսից ավելի պետք է Արգիշտի Մեխակյանը իր թիմով հավաքեր, բայց սա էլ ոչինչ»,- նոյեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում նշել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

Ինչո՞ւ չի իրականացել ՔՊ-ի ակնկալիքը։ Սխա՞լ են հաշվել, մարդիկ խոստացել են ու չե՞ն ընտրել, թե՞ Գարիկ Սարգսյանը բացահայտում է ՔՊ-ական բլեֆը։

Բնականաբար, առաջին ենթադրությունն այն է, որ սխալ են հաշվել։ 2021-ի ընտրություններից առաջ էլ նրանք ընտրողին խոստանում էին պայքարել արցախցիների ազատությունների և իրավունքների համար։ Բայց հետո հրաժարվեցին այդ նպատակից։ Ավելին՝ հայտարարեցին, որ դա հնարավոր չէր, սխալ էին հաշվել։ 2018-2022-ին, ՔՊ-ական իշխանությունն իր ռուսամետ աղետալի որոշումները փորձում էր ներկայացնել որպես խելամիտ հաշվարկով արված քայլեր։ Հետագայում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ֆորպոստի վարչապետ է եղել և սխալ հաշվարկ արել։ Այս օրինակներից հետո ամենևին զարմանալի չէ, որ ՔՊ-ն իր հաշվարկներում սխալվել է նաև Վաղարշապատի ընտրություններում։ Եվ Գարիկ Սարգսյանը նորություն չի ասել, ակնարկելով, թե սխալ հաշվարկ են արել։

Ընտրությունների վերաբերյալ կանխատեսումներն արվում են հարցումների հիման վրա։ Հրացումներ անցկացնելը համեմատաբար էժան է նստում կուսակցության վրա։ Իսկ պատասխանատու և մեծ ռեսուրսներ ծախսելու ունակ քաղաքական ուժերը փորձում են անուն առ անուն ճշտել, թե ովքեր են իրենց ընտրելու։ ՔՊ-ն, որպես իշխանության կուսակցություն, մեծ ռեսուրսեր ունի, այդ թվում՝ վարչական։ Եվ ամենայն հավանականությամբ՝ նա անուն առ անուն ճշտել է, թե ովքեր են ՔՊ-ին ձայն տալու նոյեմբերի 16-ին։ Ու եթե արդյունքները էապես տարբեր են կանխատեսվածից, ինչպես ասում է Գարիկ Սարգսյանը, նշանակում է՝ որոշ մարդիկ խոստացել են ընտրել ՔՊ-ին, սակայն ընտրել են այլ կուսակցությունների, այսիքն՝ «գցել են»։

Այսպիսի բաներ լինում էին նախկինում, երբ ցուցադրաբար ընտրակաշառք էին բաժանում։ Այդ ժամանակ որոշ մարդիկ վերցնում էին ընտրակաշառքը իշխանության կուսակցությունից, բայց ընտրում ընդդիմադիրին։ Այս երևույթը ժամանակին խիստ քննադատության է արժանացել բարոյախոսների կողմից, այն որակվել է շատ վատ բան, անբարոյականություն։ Եվ հիմա, եթե որոշ մարդիկ խոստացել են ՔՊ-ին ընտրել, բայց ուրիշին ընտրել, նշանակում է՝ անբարոյական այս երևույթը դեռ կա մեզանում, պարզապես նոր գույն է ստացել։ Այսինքն՝ հիմա էլ կան անբարոյական մարդիկ, որոնք իշխանության կուսակցությանը «գցել են»։ Այլ կերպ ասած՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանն իր այս հայտարարությամբ անուղղակի ակնարկեց, որ Վաղարշապատում ընտրողների մի քանի տոկոսն անբարոյական են, «գցող են», խոստացել են՝ ՔՊ-ին ձայն կտան, բայց չեն տվել։

Եվ վերջին վարկածն այն է, որ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը բացահայտում է մանիպուլյացիոն բլեֆը։ Այսինքն՝ ենթադրելի է, որ ընտրություններից առաջ ՔՊ-ականները կեղծ պատկեր են ներկայացրել իրենց շրջապատում, հանրությանը, թե ՔՊ-ն Վաղարշապատում 60 տոկոս ունի ու հաստատ հաղթելու է։ Մարդկանց մի ստվար հատված ողջամտորեն ընտրում է հաղթողին, հաղթողի կողքին է կանգնում։ Այսինքն՝ ՔՊ-ն մարդկանց մոլորեցրել է։ Նա, բլեֆ անելով, թե 60 տոկոս ունի, իր կողմն է գրավել հաղթողին ընտրող մարդկանց։ Եվ ՔՊ-ական այս պրիմիտիվ բլեֆը բացահայտել է Գարիկ Սարգսյանը։ Այս բացահայտումից հետո, 2026-ի ընտրություններում, մարդիկ, հավանաբար, չեն հավատա ՔՊ-ի այսօրինակ բլեֆին, թե 60 տոկոս ունեն, հաղթելու շանս և այլն։

Ամեն դեպքում՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը իր անհաշվենկատ խոսքով էական վնաս է պատճառել իր կուսակցությանը։ Ու եթե քաղաքացիները նրա ասածը լուրջ ընդունեն, ապա 2026-ին ՔՊ-ն կպարտվի։ Ուստի, ենթադրելի է, որ նրան առաջիկայում կզրկեն լրագրողների հետ շփվելու իրավունքից։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment