ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը հաստատել է Դոնալդ Թրամփի հայցի մերժումը CNN-ի դեմ՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների կեղծման մասին իր պնդումները «մեծ սուտ» անվանելու համար, հաղորդում է AFP-ն։
Ֆլորիդայի շրջանային դատարան ներկայացված հայցում Թրամփը պնդել է, որ CNN-ի կողմից «մեծ սուտ» տերմինի օգտագործումը իրեն կապում է Ադոլֆ Հիտլերի ժամանակներից ի վեր գոյություն ունեցող քարոզչության հետ։ Թրամփը մեղադրել է CNN-ին «իր լսարանի շրջանում հայցվորի և ժամանակակից պատմության ամենաանպատշաճ դեմքերից մեկի միջև կապը խթանելու» փորձի մեջ՝ պահանջելով 475 միլիոն դոլար փոխհատուցում։
Հայցը մերժվել է ԱՄՆ շրջանային դատարանում 2023 թվականի հուլիսին, և 11-րդ վերաքննիչ դատարանի երեք դատավորներից բաղկացած կազմը հաստատել է մերժումը։ «Թրամփը չի կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել CNN-ի հայտարարությունների կեղծ լինելը ապացուցելու համար։ Հետևաբար, նա չի կարողացել ապացուցել զրպարտությունը», – ասվում է որոշման մեջ։