Միանշանակ պետք է կարողանանք դասեր քաղել այս իրադարձությունից. ՀՀ ՄԻՊ-ը՝ «Մարտի 1-ին» առնչվող քննարկմանը


Մենք միանշանակ պետք է կարողանանք դասեր քաղել այս իրադարձությունից, քաղել դասեր այն տրամաբանությամբ, որ դրանք այլևս երբևէ չկրկնվեն, և դա նաև պետք է լինի պետության պատասխանատվությունը՝ բացառելու թե՛ մարդու իրավունքների համանման խախտումները նաև ապագայում, թե՛ անելու ամեն ինչ, որպեսզի մարդու իրավունքների որևէ խախտման հետ կապված լինի հստակ քննություն, պատասխանատվություն, և լինեն հետևանքներ: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանրային քննարկման ժամանակ, որի թեման է ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո»:


Ըստ օմբուդսմենի՝ 2008-ին եղել են հավաքների ազատության իրավունքի միջամտությանը, իրավաչափության բացակայությանը, տարբեր մարմինների կողմից ուժի կիրառման համաչափությանն առնչվող խնդիրներ: Մանասյանը կարծում է՝ բավարար և ողջամիտ հիմնավորումներ չեն ներկայացվել, ըստ որի՝ կիրառված ուժը եղել է համաչափ:


«Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դեռևս այդ ժամանակահատվածում՝ հենց 2008 թվականին, բավականին լուրջ հարցադրումներ է ներկայացրել իշխանությանը հրապարակային եղանակով:


Որպես այս պահին գործող ՄԻՊ՝ ուզում եմ նաև արձանագրել, որ իրավունքների հետ կապված նշված հարցադրումների պատասխաններն առկա չեն, ու հենց այս իրավունքների խախտումների մասին հենց այդ ձևաչափով կարելի է խոսել նաև այս համատեքստում»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ կան գործի քննության արդյունավետությանն առնչվող խնդրահարույց իրավիճակներ ևս:

Leave a Comment