ՔՊ-ն ստացել է 15 հազար 298 ձայն, ընդդիմությունը ստացել է 14 հազար 553 ձայն». Բենիամին Մաթեւոսյան. «Հրապարակ»

Նոյեմբերի 16-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վաղարշապատ խոշորացված համայնքում հաղթեց:

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Արգիշտի Մեխակյանի հաղթանակին, դրա պատճառներին եւ հետեւանքներին, նաեւ՝ ընդդիմության թերացումներին, նկատեց. «Որպեսզի մեր զրույցը լինի առավել առարկայական, պետք է թվեր նշենք: Ի՞նչ են ասում իշխանությունները, նրանք պնդում են, որ «ջախջախիչ հաղթանակ» են տարել, բայց ի՞նչ են վկայում թվերը: ՔՊ-ն ստացել է 15 հազար 298 ձայն, ընդդիմությունը ստացել է 14 հազար 553 ձայն: Այսինքն` ՔՊ-ն հաղթել է 800 եւ մի քանի ձայնի տարբերության արդյունքում: Ինչպես տեսնում ենք` քվեների տարբերությունը զգալի չէ․ սա առաջին փաստն է` իշխանական նարատիվները քանդելու համար:

Ի՞նչ արեց իշխանությունը վերջին ամիսներին: Պետք է լինենք անկեղծ, իշխանությունը քաղաքականապես բավականին ճկուն քայլեր կատարեց: Փարաքարի եւ Գյումրու ընտրություններից հետո նրանք որոշակի հետեւություններ արեցին եւ անցան գործի: Ընդամենը մի քանի ամիս առաջ Վաղարշապատ համայնքին միացրին Խոյ համայնքը:

Շատ կարեւոր է նաեւ ֆիքսել մի բան. Արգիշտի Մեխակյանը փորձում էր ամեն կերպ դիստանցիա պահել ՔՊ-ից: Այսինքն` ընտրությունները փորձեցին այնպես ներկայացնել, որ տպավորություն ստեղծվեց, թե թաղի լավ տղայի ընտրություն է, ինչը ես ո՛չ կասկածի տակ եմ դնում, ո՛չ էլ հեգնում եմ: Իրողությունն եմ ասում: Փաշինյանը բնից չհանեց գլուխը, քարոզարշավին էլ չգնաց, ոչ մի խոսք չասաց: Եթե ես չեմ սխալվում, ապա Հանրային հեռուստաընկերության բանավեճի տաղավարում Արգիշտի Մեխակյանը պնդել էր, որ վերջին ամիսներին մոտ կես միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել Վաղարշապատում: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է, համայնքը խոշորացրին, անգամ Փաշինյանի նկարը չցուցադրեցին քաղաքացիներին, վարչական ռեսուրսն էլ մաքսիմալ կերպով օգտագործեցին, սակայն անգամ այդ դեպքում հավաքական ընդդիմությունից կարողացան ավել հավաքել ընդամենը 800 ձայն: Իշխանության հաջողության ողջ գաղտնիքը սա է:

Այժմ խոսենք ընդդիմության մասին:

Առնվազն երեք խոշոր կենտրոն պետք է լինի, եւ ամեն մեկը մյուսի դեմ քարոզչություն չանելով, իր խրամատում պետք է պայքար սկսի: Այժմ մենք ականատես եղանք, որ «Հաղթանակ» դաշինքն ինքն իրենով հաղթանակ տարավ: Սեւակ Խաչատրյանը տարավ ավելի շատ ձայն, քան նախորդ ընտրություններում Դիանա Գասպարյանը:
Ինչպես տեսանք` «Մայր Հայաստանն» ինչպես Գյումրիում, այնպես էլ Վաղարշապատում կարողացավ ապահովել իր ներկայությունը, սակայն այդ երրորդ ուժի գործոնը, որպես այդպիսին, բացակայում էր: Պատկերացրեք այս նույն պատկերը, սակայն ընտրություններին մասնակցեր նաեւ Սամվել Կարապետյանի ուժը, պատկերը լրիվ այլ կլիներ: Մեկ կարեւոր հանգամանք նույնպես. կա կարիք՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի խոշորացման: Այս ընտրությունը դրա վառ ապացույցն էր: Եթե մի շարք այլ քաղաքական ուժեր` ավելի փոքր ուժերի մասին է խոսքը, միավորված լինեին, ապա դաշինքների համար նախատեսված շեմը կլիներ հաղթահարելի, սա՝ արդեն հետընտրական փուլում:

Leave a Comment