Պետք է արժևորել 47 % քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի չտվեցին ստին ու կեղծիքին, խայտառակ ճնշումներին. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Վաղարշապատի ընտրությունների առնչությամբ արձանագրումներ է արել.

«Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի չտվեցին ստին ու կեղծիքին, խայտառակ ճնշումներին և քվեարկեցին Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի օգտին, մասնավորապես, «Հաղթանակ» դաշինքի օգտին (շուրջ 32% կամ 10,000 քվե)։

Պետք է գնահատել նաև բոլոր այն ուժերին, ովքեր չխուսափեցին քաղաքական պատասխանատվությունից, վաղարշապատցուն ներկայացրին այլընտրանք և իրենց ուժերի չափով պայքարեցին գործող վարչախմբին հեռացնելու համար։

Ակնհայտ է, որ․

– իշխող ուժը մեկ համայնքի վրա կենտրոնացրել և օգտագործել է իր ռեսուրսների ողջ արսենալը` վարչականը, ուժայինը, մոբիլիզացրել է իր ամբողջ զանգվածը և կարողացել է ստանալ Վաղարշապատ համայնքում ընտրողների ընդհանուր թվի 21,8 տոկոսը։ Ու միայն 45 տոկոս մասնակցության պարագայում են այդ ձայները կազմել են 48․5 տոկոս,

– որևէ ընդդիմադիր ուժ չունի հնարավորություն և ռեսուրս՝ միայնակ իշխանություն ձևավորելու, իսկ իշխանությունը (նույնիսկ կցորդ ուժերով) չունի վերարտադրվելու շանս՝ հատկապես ընտրողների բարձր մասնակցության պարագայում,

– ընդդիմադիր այն ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, սակայն չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմադիր ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը։

Այս խնդիրները հաշվի առնելով` ընդդիմադիր ուժերիս անելիքները պետք է լինեն հետևյալը.

– բացատրել հանրությանը ընտրություններին մասնակության կարևորությունը, ապահովել բարձր մասնակցություն,

– ստեղծել արդյունավետ համակարգ՝ իր մեխանիզմներով, որը կկարողանա կանխել կամ նվազեցնել վարչական ռեսուրսների կիրառումը, ընտրախախտումները և բռնաճնշումները,

– անցողիկ շեմը հաղթահարելու վտանգ ունեցող ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց հնարավորությունները, միավորվեն կամ ընդգրկվեն ավելի խոշոր դաշինքներում։

Այսպիսով, Վաղարշապատի ընտրությունները ցույց են տալիս այն ուղղությունները, որոնցով կա հսկայական անելիք և աշխատանք՝ 2026-ին նախատեսված համապետական ընտրություններից առաջ։

Չարախնդալու, մեղավորներ նշանակելու, շարունակ բողոքելու, մարդկանց հուսալքության հասցնելու և դրանով սեփական անգործությունն ու անպատասխանատու վարքագիծը արդարացնելու փոխարեն, պատասխանատու քաղաքական ուժերը և գործիչները պետք է լծվեն վերը նշված խնդիրները լուծելու գործին։

Մենք գնալու ենք այդ ճանապարհով․․․»։

Leave a Comment