E-draft համակարգում հրապարակված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ամուսնալուծության գրանցման նվազագույն ժամկետը մեկ ամսից բարձրացնել երկու ամսի։ Բարձրանում է նաև ամուսնալուծության գրանցման ժամկետը լրացուցիչ վճարի դիմաց կրճատելու ծառայության դիմաց նախատեսված տուրքը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է e-draft-ում հրապարակված հիմնավորումից։
Ո՞ր մարմնի կողմից է գրանցվում ամուսնալուծությունը
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում (ՔԿԱԳ մարմիններ)։
Ամուսինների միջև փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով։
Բացի այդ, ամուսինների փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում ՔԿԱԳ մարմիններում ամուսնալուծություն է գրանցվում ամուսինների մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող, դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման՝ երեք տարուց ոչ պակաս ժամկետով։
Փոփոխությունների էությունը
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ամուսնալուծության գրանցման նվազագույն ժամկետը մեկ ամիս է, որը նախատեսվում է երկարացնել մինչև երկու ամիս։
Բացի ժամկետի երկարացումից՝ բարձրացվում է նաև ամուսնալուծության գրանցման ժամկետը լրացուցիչ վճարի դիմաց կրճատելու ծառայության դիմաց նախատեսված տուրքը։
Փոփոխությունների նպատակը
Հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունները նպատակ ունեն խթանել ընտանիքի պահպանումը, ամուսնալուծվող անձանց տրամադրել ամուսնությունն ու ընտանիքը վերաիմաստավորելու և արդեն ներկայացված ամուսնալուծության դիմումից հրաժարվելու ժամանակ։
Երկամսյա ժամկետի սահմանմամբ ամուսնալուծվող անձանք կունենան ավելի երկար ժամանակ վերանայելու իրենց որոշումը։
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից և հրապարակված է e-draft համակարգում հանրային քննարկման համար, – տեղեկացնում է Iravaban.net-ը։