Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում խոշոր հաշվով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն (1։9)։
Խաղից հետո պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատասխանել է լրագրողների հարցերին.
«Այսօր ֆուտբոլիստների վերաբերմունքն ու կենտրոնացվածությունը բացարձակ էին։ Իռլանդիայից կրած պարտությունը մտահոգիչ էր։ Հունգարիայի դեմ խաղում մենք վերահսկում էինք հանդիպումը 45 րոպե, սակայն չկարողացանք այն ավարտին հասցնել։ Այդ հանդիպումներից հետո շատ դժվար էր կառավարել թիմի հոգեբանական կողմը։
Իռլանդիայի դեմ մեր խաղը ցույց տվեց ինքնավստահության պակաս և որոշակի կասկածներ։ Այսօր արձագանքը կենտրոնանալն ու Հայաստանից լավը լինելն էր և նրանց հաղթելը։ Մենք Եվրո-2024-ի ճանապարհին անընդմեջ 10 խաղ հաղթեցինք, և թիմը այն ժամանակ այնքան էլ պատրաստ չէր, որքան հիմա է։ Մարտահրավերները օգնում են աճել, իսկ ազգային հավաքականների հետ շատ ժամանակ չկա։ Արձագանքը և այն, ինչ մենք զգացինք դրանից հետո, մեծ ներդրում ունեցան հանդերձարանի հնարավորությունների վրա։ Խնդիր չկա հաղթանակների ծարավի կամ գոլերի բացակայության հետ, խնդիրն ավելի շատ կապված է հոգեբանական կառավարման հետ, որը աստիճանաբար վերականգնվում է։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դրագաո» մարզադաշտում ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ ստեղծվող կախարդական մթնոլորտին․ դա անհավանական ուժ է։ Սա երրորդ որակավորումն էր, որը ես վայելեցի այստեղ։ Թիմը աճում է, մենք մարտավարապես ճկուն ենք, գործընթաց, որի վրա աշխատել ենք առաջին օրվանից։ Մենք պետք է լավ պատրաստվենք աշխարհի առաջնությանը։ Սա իմ երրորդ աշխարհի առաջնությունն է, և պետք է պատրաստվենք դրան արդեն մարտից, այլ ոչ թե առաջին խաղից մի քանի օր առաջ», — հետխաղային ասուլիսի ժամանակ ասել է Մարտինեսը։
Պորտուգալիան 13 միավորով հաղթեց F խմբում և իր պատմության մեջ 9-րդ անգամ դուրս եկավ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը նույն խմբում 3 միավորով եզրափակեց մրցաշարը վերջին տեղում։