Նիկոլից հետո Երևանում պետք է կանգնեցնել հավաքական Լրագրողի արձանը․ Ազա Բաբայան

16 Նոյեմբերի, 2025

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Լրագրողների մասին ընդունված է վատ խոսել․ ասում են՝ կիրթ չեն, արհեստավարժ չեն, աղբյուրների հետ աշխատել չգիտեն, վստահելի չեն և այսպես շարունակ։

Բայց եկեք արձանագրենք մի կարևոր փաստ․ վերջին առնվազն երեք տարիների ընթացքում հայապահպանության, երկրի պահպանության, ամբողջական տապալումից մեզ պահելու գործում ամենամեծ ներդրումն արել են հենց լրագրողները։ Երբ մեր արվեստագետները, ընդհանրապես մտավորականների ու բիզնեսմենների զգալի մասը, իրենց կոմֆորտ զոնաներից լուռ հետևում են, թե ինչպես է կործանվում մի ամբողջ քաղաքակրթություն, չեն լռել միայն լրագրողները։

Մշտապես միկրոֆոնը ձեռքին, նրանք չեն վախեցել ամենասուր հարցերը տալ՝ թե՛ Նիկոլին, թե՛ իշխանության մյուս ներկայացուցիչներին։ Այսօրվա իշխանություններն ըստ էության հենց լրագորղներից են ամենից շատ վախենում։

Այո, լրագրողները շատ են, բոլորին չեն կարող ձերբակալել։ Կասեք՝ խմբագրական առաջադրանք են ստանում՞։ Այո, ստանում են։ Բայց նայեք, թե ինչպես են պահում իրենց մեր լրագրողները, և կհասկանաք՝ նրանց խիզախության ու պրոֆեսիոնալիզմի պատճառը մի քանի հարյուր հազար դրամները չեն, որոնք նրանք ստանում են որպես աշխատավարձ։

Նրանք պարզապես, ի տարբերություն շատ այլ մտավորականների, չեն վախենում։ Քանի որ տարիներ շարունակ իշխանությունների դեմքերին մոտիկից հետևելուց հետո նրանք հասկացել են՝ այդ դեմքերի բերած ու դեռ բերվող աղետը շատ ավելի վախենալու է, քան սեփական կոմֆորտից դուրս գալը։

Նիկոլից հետո Երևանում պետք է կանգնեցնել հավաքական Լրագրողի արձանը»։

Leave a Comment