«Զվարթնոց» օդանավակայանում տղամարդու մոտ հայտնաբերվել է ատրճանակ․ նա ձերբակալվել է

Նոյեմբերի 10-ին Երևանի քրեական դատարանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնություն ապօրինի զենք տեղափոխելու փորձի դեպքով։ Գործը նույն օրը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահե Ջիվանյանին։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Ա․ Մ․ Վ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չպարզված ժամանակահատվածից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 8-ը’ ժամը 21:15-ը, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 7֊րդ հոդվածի պահանջները, իրեն պատկանող ձեռքի պայուսակի մեջ ապօրինի կերպով պահելով չպարզված վայրից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է տեղափոխել չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ձեռք բերված, ինքնաշեն եղանակով պատրաստված, .22L.R./5,6×15,6մմ/ տրամաչափի օղակավոր բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակելու համար հարմարեցված, ակոսափող հրազեն հանդիսացող, ակոսափող ատրճանակ, որը մաքսանենգությամբ’ մաքսային հսկողությունից թաքցնելու և դրա տեղափոխման համար սահմանված արգելքը խախտելու եղանակով 2025 թվականի հոկտեմբերի 8֊ին’ ժամը 21:30-ի սահմաններում, փորձել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով, այն է’ Հայաստանի Հանրապետությունից Երևան-Մոսկվա թիվ 323 չվերթով ապօրինի տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն, սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ 2025 թվականի հոկտեմբերի 8֊ին’ ժամը 21:30֊ի սահմաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից կատարված՝ Ա.Վ․-ի զննության ժամանակ հիշյալ ատրճանակը հայտնաբերվել է:

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է կալանք։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






Կարդացեք նաև՝

Leave a Comment