Գիտենք վաղվա խաղի կարևորությունը, բոլորս էլ պատրաստ ենք․ Արթուր Սերոբյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանն Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին տուրի՝ Պորտուգալիայի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։ 

«Թեև ժամանակը կարճ էր, բոլոր տղաները պատրաստ են վաղվա խաղին։ Հունգարիայի դեմ հանդիպումը դժվար էր, սակայն մենք պատրաստվում ենք վաղվա խաղին՝ գիտակցելով, որ այն նույնպես բարդ է լինելու։ Այնուամենայնիվ, բոլորս էլ պատրաստ ենք։

Պորտուգալիան ֆուտբոլային երկիր է, և ես այստեղից միայն լավ հիշողություններ եմ պահպանել։ Ունեմ լավ ընկերներ, որոնց հետ մշտապես կապի մեջ եմ, և նրանք վաղը գալու են մարզադաշտ։

Առաջին խաղից հետո մենք ունեցել ենք բացառապես դրական փոփոխություններ։ Ինչպես տեսաք, Հունգարիայի հետ խաղում շատ լավ հանդես եկանք։ Մենք արդեն ունենք մեր խաղային ձեռագիրը և պատրաստ ենք բոլոր հավաքականների հետ մրցելու և մրցունակ լինելու։

Կարծում եմ, որ Պորտուգալիայի հետ առաջին հանդիպումն արդեն անցյալ է։ Մենք գիտենք վաղվա խաղի կարևորությունը և վստահ ենք, որ վաղը լավ ենք խաղալու»,- նշել է Սերոբյանը։

Հիշեցնենք, որ մրցող ընտրանիների միջև կայանալիք հանդիպումը վաղն է՝ նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 18։00-ին։ 

Leave a Comment