Պետական կառույցների «ներկայացուցչական» շոփինգը շարունակվում է․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ ՀՀ մի շարք գերատեսչություններ և կառույցներ ներկայացուցչական ծախսերի անվան տակ շարունակում են պետբյուջեի հաշվին սուրճ, կոնֆետ, ալկոհոլային խմիչքներ և այլ նմանատիպ գնումներ կատարել հայաստանյան սուպերմարկետներից։

Բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերի ուսումնասիրությամբ «Փաստինֆո»-ն պարզել է, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը «Սաս գրուպ» ՍՊԸ-ից ձեռք է բերել լուծվող և հատիկավոր սուրճ, ինչպես նաև «Գրանդ Քենդի» ընկերության «Սկյուռիկ» շոկոլադապատ կոնֆետներ ու տոպրակներ։ Նշված գնումների ընդհանուր արժեքը կազմել է 39․310 դրամ։

Նույն «Սաս գրուպ» ՍՊԸ-ից գնում է կատարել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ ձեռք բերելով «Նոյ Կրեմլին Ըվարդ» 15 տարեկան բրենդին 19․040 դրամ արժողությամբ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից 24․855 դրամի շոկոլադե սալիկներ է գնել՝ նախատեսված հյուրասիրության և նվերների համար։ Բացի այդ, նույն նախարարությունը 174․700 դրամ է վճարել «Մաքս-Փաուը» ՍՊԸ-ին՝ 14 անձի համար կազմակերպված հյուրասիրության նպատակով։

ՀՀ ՊՆ-ն «Յուպիտեր ֆոտո էսպրես» ՍՊԸ-ից ձեռք է բերել 6 հատ շրջանակով նկար՝ ընդհանուր 45․000 դրամով։

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը «Վիէլվի Սենթր» ՍՊԸ-ից գնել է 2 կիլոգրամ «Ipnosi classico» սուրճ՝ 16․600 դրամ արժողությամբ։

Արժանահիշատակ գնումներ է իրականացրել նաև Արարատի մարզի համայնքապետարանը։ Մասնավորապես՝ գնել է կնոջ սպիտակ, սև և կապույտ գույների 5-ական ձեռքի ժամացույց՝ յուրաքանչյուրը 208․000 դրամով։ Բացի այդ՝ ձեռք են բերվել տղամարդու 40 ձեռքի ժամացույց՝ 1 մլն 472 հազար դրամով, ինչպես նաև տղամարդու սպիտակ և սև գույնի 5-ական ձեռքի ժամացույց՝ յուրաքանչյուրը 318․750 դրամ արժողությամբ։
Բոլոր ժամացույցները պատվեր են «Էյ Դաբլյու Այ Գրուպ» ՍՊԸ-ից, ունեն ներկայացուցչական դիզայն, քվարցային մեխանիզմ, էլեկտրական մարտկոցի լիցքավորում, չժանգոտվող պողպատից կառուցվածք և ամսաթվի ցուցադրություն։ Տարածված է, որ թե՛ տղամարդու, թե՛ կանացի ժամացույցները կրում են Արտաշատ համայնքի գերբը։

Տրանսպորտային ծառայություններից երկու անգամ օգտվել է ՀՀ ԲՏԱ նախարարությունը՝ համապատասխանաբար վճարելով 70․000 և 171․000 դրամ։

The post Պետական կառույցների «ներկայացուցչական» շոփինգը շարունակվում է․ «Փաստինֆո» appeared first on Yerevan Today.

Leave a Comment