«Ուզում եմ, որ մեր գինիները խոսեն Հայաստանի մասին». Անահիտ Ջաբուրյան

Անահիտ Ջաբուրյանը ծնվել է Ֆրանսիայում, 2021-ի սեպտեմբերին տեղափոխվել է Հայաստան: 25 տարեկանում նա կամավորական ծրագրով եկել էր Հայաստան եւ որոշել, որ այստեղ պետք է ապրի։

թ

 «Չգիտեի՝ ինչ եմ անելու Հայաստանում։ Բայց կյանքն այստեղ շատ հավանեցի, մարդկանց՝ նույնպես, որոշեցի մնալ, ընդհանրապես չգիտեի՝ ինչով կարող եմ զբաղվել, հետո ընտանիքիս հետ որոշեցինք խաղողի այգիներ գնել, գինեգործությամբ զբաղվել»,-պատմում է նա։

Ուսումնասիրել են տարբեր մարզեր և կանգ առել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում։ Ասում է՝ տեղանքը լավն է, ծովի մակարդակից բարձրությունը՝ մինչև 1400 մետր, հողը, եղանակը, ամեն ինչ հարմար է գինեգործության համար։ Հիմնել են իրենց ապրանքանիշը՝ «Դոմեն Ջաբուրյան» (Domaine Djabourian

Հայաստան տեղափոխվելուց հետո Անահիտը մեկուկես տարի սովորել է Երևանի գինու ակադեմիայում՝ գինեգործության հիմունքները յուրացնելու համար։ Բայց ամեն օր սովորում է այգում՝ խաղողի հետ աշխատելիս, երբ օգնում է աշխատողներին։ Մեր այցելության ժամանակ նա մասնակցում էր բերքահավաքին։ «Գինեգործությունը հնարավոր չէ հասկանալ առանց հողի ու խաղողի հետ աշխատելու։ Ամեն օր նոր բան եմ սովորում հենց այգիներում, մարդկանց հետ աշխատելիս»,-ասում է նա։

Անահիտը որոշել է գինի ստանալ բացառապես հայկական խաղողի տեսակներից՝արենի, ոսկեհատ, խաթուն խարջի։ Առաջիկայում հայկական խաղողի նոր տեսակներով կհամալրեն ընտրանին։ Այս տարի նոր այգի են տնկել։

Ջաբուրյանների առաջին գինին արտադրվել է սահմանափակ քանակով՝ մոտ երկու հազար շիշ։ «Ճիշտն ասած, առաջին գինուց լիովին գոհ չեմ։ Այն պահեստում եմ պահում՝գուցե տարիների ընթացքում համը փոխվի, հաճախ եմ փորձում, բայց, անշուշտ, պետք է սխալվեինք, քանի որ ամեն օր սովորում ենք, հիմա էլ գուցե անենք սխալներ ու տարիների ընթացքում լիովին կատարելագործվենք»,-ասում է Անահիտը։

Ջաբուրյանների գինեգործության գլխավոր բրենդը կրում է նրանց ազգանունը։ Առաջին գինու շարքը՝ «Երիզա», անվանվել է հին հայկական քաղաքի անունով, որտեղ Անահիտ աստվածուհու տաճարն էր։

2024թ․ արտադրած սպիտակ գինին պատրաստվել է ոսկեհատ, խաթուն և խարջի տեսակներից։ Անահիտը հիշում է՝ տարին եղանակային տեսանկյունից բարդ էր․
«Հավաքից երկու շաբաթ առաջ ուժեղ անձրևներ ունեցանք։ Խաղողը դժվարությամբ պահեցինք։ Մենք օրգանիկ ձևով ենք մշակում, շատ քիչ քիմիական նյութեր ենք օգտագործում, դրա համար էլ ավելի զգույշ պետք է լինենք»,-նշում է նա։

Ըստ երիտասարդ գինեգործի՝ մշակման տեսանկյունից բարդ են հատկապես հայկական խաղողի սպիտակ տեսակները․ «Ոսկեհատը շատ լավ խաղող է, բայց շատ նուրբ է ու զգայուն եղանակային պայմանների նկատմամբ։ Անընդհատ պետք է հետևես»,- ասում է Անահիտը։ 

Աղավնաձորում Ջաբուրյանները գինու գործարան են կառուցում, որը պատրաստ կլինի հաջորդ տարի։ Այժմ իրենց գինին պատրաստում են Արենիի գինու գործարաններից մեկում։

«Գինու արդյունքը միանգամից չես տեսնում։ Գուցե այն, ինչ հիմա անում ենք, միայն մեր հաջորդ սերունդը տեսնի։ Սա երկար ճանապարհ է։ Եթե ուզում ես արագ ֆինանսական արդյունք, գինու ոլորտ պետք չէ մտնել»,-ասում է նա։

Անահիտ Ջաբուրյանը այգու աշխատանքները սիրով է անում: Այնպիսի աշխատակիցներ է փնտրում, որ իրենց հետ երկարատև համագործակցություն ունենան։

«Երևի ամենից բարդը գյուղացիներին համոզելն էր, որ ուզում ենք մեծ ծրագիր անել գյուղում, որ աշխատատեղեր կբացվեն գյուղացիների համար։ Մեր բոլոր աշխատակիցները Աղավնաձորից ու հարևան Արենի գյուղերից են, միայն գինեգործն է Ֆրանսիայից, ամեն ամիս գալիս է Հայաստան, հետևում ընթացքին»,- պատմում է նա։

Անահիտի խոսքով, շուկայում լուրջ մրցակիցներ ունեն։ Հայկական շատ լավ ու հայտնի գինիներ կան, իրենց ապրանքանիշը դեռ հայտնի չէ մարդկանց, որոշ խանութներում ու սրճարաններում վաճառվում է, բայց փոքր քանակությամբ։ Այժմ աշխատում են գինու որակի վրա։ 

 «Ուզում եմ, որ մեր գինիները խոսեն Հայաստանի մասին։ Որ մարդիկ Ֆրանսիայում կամ մեկ այլ երկրում խմեն ու ասեն՝ սա հայկական գինի է։ Սա իմ ամենամեծ երազանքն է»,-ասում  է նա։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment