ԿԿՀ որոշմամբ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանին  հայտարարվել է բանավոր դիտողություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարչական տույժ է կիրառել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի նկատմամբ՝ կուսակցության կողմից ֆինանսավորման օրենսդրական պահանջները խախտելու համար։ Iravaban.net-ի փոխանցմամբ նոյեմբերի 3-ին կայացրած որոշմամբ Հանձնաժողովը գործի վարույթը կարճել է՝ Մանե Թանդիլյանին հայտարարելով բանավոր դիտողություն:

Խախտման մանրամասները

Համաձայն ԿԿՀ-ի ՎԻՎ/433/2025 որոշման՝ 2023 թվականին «Ապրելու երկիր» կուսակցությունը խախտել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները: Այն պարտավորեցնում է կուսակցությանը՝ օրենքով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվություններ ստանալու դեպքում, երկու շաբաթվա ընթացքում վերադարձնել գերազանցող մասը կամ փոխանցել պետական բյուջե:

ԿԿՀ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2023 թվականին երկու քաղաքացիների՝ Արամ Մանուկյանի և Ալետա Հարությունյանի կողմից «Ապրելու երկիր» կուսակցությանը փոխանցվել են նվիրատվություններ, որոնց ընդհանուր գումարները գերազանցել են օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափը:

Մասնավորապես, Արամ Մանուկյանի կողմից հաշվետու տարում կուսակցությանը փոխանցվել է ընդհանուր 2,700,000 ՀՀ դրամ, որից 200,000 ՀՀ դրամը գերազանցել է սահմանաչափը: Ալեսա Հարությունյանի կողմից կուսակցությանը փոխանցվել է 5,450,000 ՀՀ դրամ գումար, որից 450,000 ՀՀ դրամը հետագայում վերադարձվել է նվիրատուին, սակայն մնացած 2,500,000 ՀՀ դրամը շարունակել է գերազանցել սահմանաչափը:

Կուսակցության պաշտոնական արձագանքը

Գործի քննության ընթացքում Մանե Թանդիլյանի ներկայացուցիչը հայտնել է, որ Թանդիլյանը հանդիսանում է կուսակցության նախագահը, ով պատասխանատու է կուսակցության ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների պահպանման հարցում:

Նա նշել է, որ Արամ Մանուկյանի կողմից կատարված նվիրատվությունները, ըստ թվային արտահայտության, նվիրատվությունը կատարելու պահին կասկած չեն հարուցել, քանի որ առանձին կատարված նվիրատվությունները եղել են օրենքով սահմանված չափով: Սակայն, հետագայում պարզվել է, որ դրանց հանրագումարը գերազանցել է օրենքով սահմանված առավելագույն շեմը:

Միևնույն ժամանակ, պատասխանող կողմը նշել է, որ կուսակցության ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով գործելաոճի վառ ապացույցն այն է, որ կուսակցությունը ներկայացրել է հաշվետվությունները Մանե Թանդիլյանի ստորագրությամբ և գլխավորությամբ՝ որպես նախագահ:

Հանձնաժողովի իրավական դիրքորոշումը

ԿԿՀ-ն արձանագրել է, որ սույն գործով օրենքով սահմանված չափից ավելի նվիրատվություն ստանալու դեպքում կուսակցությունը պարտավոր է առանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, կուսակցության համար սահմանված նվիրատվության գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ նվիրատուին վերադարձնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե փոխանցելու պահանջը:

Միաժամանակ, Հանձնաժողովը նշել է, որ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից խախտված օրենքի նորմը նպատակ է հետապնդում մեծացնել կոռուպցիոն այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են, օրինակ, կուսակցության ղեկավար մարմնի անդամի կողմից օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվության ներգրավումը:

Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև այն, որ Հանձնաժողովը նույնական դիրքորոշում է հայտնել նաև ՎԻՎ/265/2024 գործով, ԿԿՀ-ն գտել է, որ Մանե Թանդիլյանի արարքը կազմում է ՀՀ Վարչական իրավախախտումների վերբերյալ օրենսգրքի 189.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշներ, որը նպատակ է հետապնդում ապահովել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների վերաբերյալ հանրային հաշվետվողականությունը, կոռուպցիոն ռիսկերից զերծ գործունեությունը:

Որոշման եզրափակիչ մաս

ԿԿՀ որոշմամբ «Ապրելու երկիր» կուսակցության պաշտոնատար անձ Մանե Թանդիլյանին ազատել վարչական պատասխանատվությունից և հայտարարել բանավոր դիտողություն՝ կարճելով թիվ ՎԻՎ/433/2025 վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը:

Այս որոշումն ուժի մեջ է մտնում Մանե Թանդիլյանին սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրվանից:

Հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է անհատների կողմից կուսակցություններին նվիրատվությունների կատարման առավելագույն շեմ՝ 2,500,000 ՀՀ դրամի չափով: Միևնույն ժամանակ, կուսակցությունների գործունեության թափանցիկությունն ու ֆինանսավորման օրինականությունը ԿԿՀ-ի վերահսկողության կարևորագույն ոլորտներից է, – այս մասին հայտնում է Iravaban.net:






Կարդացեք նաև՝

Leave a Comment