Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանում ամենատարածված խախտումները հիմնականում պաստառների հետ են կապված։ Թե՛ Էջմիածին քաղաքում, թե՛ հարակից գյուղերում դրանք գրեթե համատարած բնույթ են կրում։ Պաստառները փակցվում են այնպիսի արգելված վայրերում, որոնք ակնհայտ է, որ չպետք է օգտագործվեին՝ էլեկտրասյուների, գազի խողովակների և այլ արգելված օբյեկտների վրա․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը՝ ներկայացնելով Վաղարշապատի նախընտրական քարոզչության մշտադիտարկման վերաբերյալ իրենց պատրաստած զեկույցը։
Պետրոսյանի խոսքով՝ պաստառներ փակցնում են չնախատեսված վայրերում, բացի այդ՝ բացակայում է փոխադարձ հարգանքը մրցակից թիմերի միջև։ Եղել են դեպքեր, երբ մրցակից թիմի պաստառները վնասել են, ոչնչացրել կամ վրան իրենցն են փակցրել։
«Ունենք դեպք, երբ հանձնաժողովի նախագահն իր տանը նստած օգնություն է բաժանում, ինչն օրենքով արգելված է։ Այս պահին նա ունի տնային կալանք։ Խոյ համայնքում էլ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը քարոզարշավի մեկնարկի օրը մեծ տոնախմբություն էր կազմակերպել և ակնհայտ կերպով որոշակի նյութական արժեք ներկայացնող նվերներ էր տվել»,- ասաց նախաձեռնության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Վաղարշապատում ավագանու ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 16-ին: Ավագանու նոր կազմն է ընտրելու համայնքի ղեկավարին, և որոշվելու է բազմաբնակավայր համայնքի առաջին 5 տարվա զարգացման ուղղությունը:
էստեղից կարաք նկար կտրեք
https://www.youtube.com/watch?v=7XvMeT6_OKE