«Պատվո սպանությու՞ն». Չեչնիայից Վրաստան փախած 33-ամյա կինը սպանվել է

Չեչնիայից Վրաստան փախած 33-ամյա Ալիա Օզդամիրովան սպանվել է․ իրավապաշտպանների համոզմամբ՝ տեղի ունեցածը, մեծ հավանականությամբ, «պատվո սպանության» հերթական դեպքն է՝ ուղղված բռնությունից կամ կյանքի հանդեպ սպառնալիքներից փախչող չեչեն կանանց դեմ։

NC SOS Crisis Group–ը հայտնում է, որ Օզդամիրովան օրեր առաջ Վրաստանից վերադարձվել էր հայրենիք՝ խաբեությամբ կամ հարկադրանքով, և արդեն հուղարկավորվել է։ Տարիներ շարունակ նա կազմակերպությանը տեղեկացրել էր, որ ընտանիքի անդամները սպառնում էին իրեն՝ սեռական կողմնորոշման և բիզնես տարաձայնությունների պատճառով։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրա ընտանիքը սերտ կապեր ուներ Ռամզան Կադիրովի շրջապատի հետ։

Նոյեմբերի 9-ին Օզդամիրովան անհայտ հանգամանքներում անցել էր Ռուսաստան, իսկ հաջորդ օրը տարածվել էին լուրեր նրա սպանության մասին՝, ըստ ամենայնի, ընտանիքի անդամների կողմից։

Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա սա կլինի երրորդ նմանատիպ սպանությունը մեկ ամսվա ընթացքում։
Հոկտեմբերի վերջին Երևանում սպանված էր հայտնաբերվել 23-ամյա Այշաթ Բայմուրադովան, որը Չեչնիայից էր փախել՝ ծանր ու վտանգավոր ընտանեկան բռնությունից խուսափելու համար։ Իրավապաշտպանները դա ևս գնահատում են որպես «պատվո սպանություն»։

Նոյեմբերի սկզբին Նիցցայում 39-ամյա Լարիսա Արսանուկաևան սպանվել էր իր երեք տարեկան դստեր աչքի առաջ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրան տեղում էր սպանել իր բռնարար նախկին ամուսինը՝ Բաշիր Ալիբիևը, որը ձերբակալվել էր դեպքի վայրում։

Leave a Comment