Ադրբեջանը պահանջում է ցմահ ազատազրկում Արցախի ղեկավարների համար

Ադրբեջանցի մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկել Արցախի ռազմաքաղաքական 5 նախկին ղեկավարների՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին: Iravaban.net-ը տեղեկանում է Ադրբեջանական մամուլից։

Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին մեղադրողը պահանջել է դատապարտել 20 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով նրանց տարիքները, քանի որ Ադրբեջանի քրեական օրենսգիրքը չի թույլատրում 65 տարեկանից բարձր անձանց ցմահ դատապարտել:

Բաքուն մեղադրում է Արցախի նախկին ղեկավարությանը մի շարք ծանր հանցագործությունների մեջ, ներառյալ պատերազմ պլանավորելը, ցեղասպանություն, բնակչության ոչնչացում, ապօրինի վերաբնակեցում, կտտանքներ, սպանություններ, ահաբեկչություն և հանցավոր միավորում ստեղծելու համար: «Հանցավոր միավորում» տերմինի ներքո Բաքուն նկատի ունի Արցախը, իսկ ինքնապաշտպանությունը ներկայացվում է որպես ահաբեկչություն:

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի գործով մեղադրողը պնդում է, որ նա 1991-2023 թթ. ընթացքում մասնակցել է Արցախում կատարված հանցագործություններին, ներառյալ 90-ականների պատերազմը և Խոջալուի դեպքերը, ինչպես նաև 2023թ. ռազմական գործողությունները, որոնց ընթացքում, ըստ Բաքվի, նա հրթիռակոծել է խաղաղ բնակավայրեր:

Դավիթ Բաբայանի մասին մեղադրողը նշել է, որ, թեև Բաբայանը չի մասնակցել ռազմական գործողություններին, սակայն նա անուղղակիորեն աջակցել է Արցախի գաղափարախոսությանը: Պետությունը որպես ապացույց ներկայացրել է Բաբայանի հարցազրույցները ու սոցիալական ցանցերում տարածված գրառումները, որոնք, ըստ նրանց, արդարացնում են ադրբեջանական տարածքների օկուպացիան և նոր տարածքների գրավման անհրաժեշտությունը: Բաքվի մեղադրողը նաև կատարել է համեմատություն Նացիստական Գերմանիայի ռազմական հանցագործների՝ Նյուրենբերգի դատավարության հետ:

Դավիթ Իշխանյանի մասին մեղադրանքը շեշտում է, որ նա 1989թ.-ից ՀՅԴ անդամ է, որն ըստ Բաքվի, ազգային ատելություն է տարածում ադրբեջանցիների նկատմամբ: Իշխանյանի մասնակցությունը Ադրբեջանին պատկանող տարածքների օկուպացիային, ինչպես նաև նրա պաշտոնավարումը որպես Արցախի խորհրդարանի նախագահ 2023թ. օգոստոսից մինչ գերեվարվելը, հանդիսանում են մեղադրանքի հիմք:

Դավիթ Մանուկյանի մեղադրանքը կապված է նրա 1992թ. ծառայության հետ «Շուշիի» առանձնակի գումարտակում, որը, ըստ Բաքվի, մասնակցել է բազմաթիվ տարածքների գրավմանը՝ ներառյալ Հադրութ, Ասկերան, Շուշի, Աղդամ, Քելբաջար և այլ հատվածներ:

Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարությունում մյուս մեղադրյալներին առաջարկված ազատազրկման ժամկետները կազմում են 16-ից 20 տարի:

Մասնավորապես՝

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 27-ին։

Leave a Comment