Լապորտան դեռ չի մարսել Մեսսիի արցունքները․ Բարսելոնայի նախագահն անակնկալ է պատրաստում

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ ակումբն աշխատում է լեգենդար ֆուտբոլիստ Լեո Մեսսիի արձանը «Spotify Camp Nou» մարզադաշտում տեղադրելու ուղղությամբ։ Այս հայտարարությունը կատարվել է վերջերս Մեսսիի անսպասելի այցից և իսպանական Sport.es-ին տված հարցազրույցից հետո։

Լապորտան, ով մասնակցում էր լրագրող Խավի Տորեսի գրքի շնորհանդեսին, ընդգծել է, որ Մեսսին արժանի է «աշխարհի ամենագեղեցիկ մեծարանքին»։

«Մենք բացարձակ հարգանք և հիացմունք ունենք նրա նկատմամբ։ Նա պետք է արձան ունենա «Spotify Camp Nou»-ում, ինչպես Կրոյֆը և Կուբալան։ Արդար կլիներ, որ Լեոն նույնպես իր արձանն ունենար»,- նշել է Լապորտան։

Նախագահը նշել է, որ աշխատանքները սկսվել են, սակայն կարևոր է, որ Մեսսիի ընտանիքը համաձայն լինի։ Նախագիծը կներկայացվի, երբ արձանի դիզայնը պատրաստ լինի։

Լապորտան վստահ է, որ Մեսսին կշարունակի կապված մնալ «Բարսայի» հետ նաև կարիերան ավարտելուց հետո՝ նշելով, որ «Բարսայի» դռները միշտ բաց են նրա առջև։

Մեսսին սոցիալական ցանցերում հուզիչ գրառում է կատարել՝ ընդգծելով, որ «Կամպ Նոու»-ն այն վայրն է, որն անհրաժեշտ է իր հոգու համար, և արտահայտել հույս՝ մի օր վերադառնալու այնտեղ։ Ի պատասխան՝ Լապորտան այդ քայլը բնութագրել է որպես անկեղծ զգացմունքների և «բարսելոնիզմի» դրսևորում՝ միաժամանակ նշելով, որ ակումբի ու ֆուտբոլիստի միջև կապը մնում է պատշաճ մակարդակի վրա։

Leave a Comment