«Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը և «Սրբազան պայքարի» գործով անցնող, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի կալանքը փոխել տնային կալանքով։

Կալանքի ժամկետը նոյեմբերի 25-ին լրանալուց հետո Սարգսյանի նկատմամբ կիրառվելու է եռմասյա տնային կալանքը, 2 մլն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը։

Ավելի վաղ դատարանը գործարար Տիգրան Գալստանի նկատմամբ կիրառել էր վարչական վերահսկողություն ու չբացակայելու արգելք՝ փոխելով խափանման միջոց կալանքը։ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորման ժամկետը դատարանը 3 ամսով երկարացրել էր։

Հոկտեմբերի 9-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր Բագրատ սրբազանի տեսակցության արգելքը և Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի ու պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով ու գրավով։

Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:

Leave a Comment